• Latest news

3 լուրջ խնդիր, որոնց բախվում են ՄԻԱՎ-ով վարակվածները Հայաստանում

20 մարտի, 2016  18:20

ՄԻԱՎ ունեցող մարդիկ այսօր մի շարք խնդիրների են բախվում անկախ այն բանից, թե ծագումով որտեղից են եւ որ երկրում են ապրում:  «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանի հետ զրույցում NEWS.am Medicine-ի թղթակիցը պարզել է, թե ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդու մոտ: 

Խարան

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խարանման խնդիրն այսօր այժմեական է աշխարհի երկրների մեծամասնությունում, եւ Հայաստանը բացառություն չէ:  Մեր հասարակությունում պահպանվում են մի շարք կարծրատիպեր ՄԻԱՎ-ի եւ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մասին, ինչի հետեւանքով վերջիններս հաճախ ծայրաստիճան բացասական վերաբերմունքի են արժանանում, եթե հայտնի է դառնում նրանց կարգավիճակի մասին: 

Որքան էլ տարօրինակ է, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ բացասական վերաբերմունքը սկսվում է հիվանդանոցներում, որտեղ նրանք հաճախ ստիպված են լինում բժշկական ծառայություններ ստանալիս բացահայտել իրենց կարգավիճակը:  Քիչ չեն եղել դեպքերը, երբ ՄԻԱՎ-ով հիվանդներին բուժաշխատողները ծայրաստիճան բացասաբար են վերաբերվել, նրանց տհաճ բաներ են ասել կամ նույնիսկ հրաժարվել են բուժծառայություններ մատուցել: Ինչո՞ւ է նման բան լինում: Չէ որ բժիշկները թերեւս ուրիշներից լավ պիտի հասկանան, որ ՄԻԱՎ-ի առկայությունը ոչինչ չի կարող ասել մարդու անհատական որակների մասին. ցանկացած մարդ կարող է ՄԻԱՎ-ով վարակվել: Ավելին, բժիշկները պիտի իմանան ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին, այդ պատճառով ՄԻԱՎ ունեցող մարդկանցից նրանց վախն անտրամաբանական է թվում. նրանք չեն վարակվի այդ մարդկանց հետ շփվելով եւ նրանց բուժական օգնություն տրամադրելով: 

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս ունեն, որ հայ բժիշկներն այնուամենայնիվ բավականաչափ տեղեկություններ ունեն ՄԻԱՎ-ի եւ դրա փոխանցման ուղիների մասին: Հնարավոր է, որ նրանց վախը եւ բացասական վերաբերմունքը պայմանավորված են ոչ թե անգիտությամբ, այլ կարծրատիպային մտածողությամբ, որը դեռեւս առկա է հասարակությունում եւ նույնիսկ նրա կրթված շերտերում:  

Խարանը եւ խտրականությունը, ինչպես նշել է Լիլիթ Ալեքսանյանը, ոչ միայն բացասաբար են ազդում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի վրա, այլեւ խանգարում են երկրում ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելմանը. մարդիկ, իմանալով, որ հասարակությունը կարող է եւ չընդունել իրենց, վախենում են  նույնիսկ ՄԻԱՎ-ի թեստ անցնել, նույնիսկ եթե բոլոր հիմքերն ունեն ենթադրելու, որ իրենք կարող են վարակված լինել: Խնդիրն այն է, որ եթե մարդը տեղյակ չէ իր ՄԻԱՎ կարգավիճակին, նա ոչ միայն ինքը բուժում չի ստանա, այլեւ կարող է հեշտորեն վարակել ուրիշներին, օրինակ` չպաշտպանված սեռական գործողության միջոցով: Բացի այդ, հղի կինը, որը տեղյակ չէ իր կարգավիճակին եւ անհրաժեշտ դեղամիջոցներ չի ընդունում, կարող  է ՄԻԱՎ-ը փոխանցել իր երեխային: 

Զբաղվածության խնդիր

Գործատուն, իմանալով իր աշխատակցի դրական ՄԻԱՎ կարգավիճակի մասին, կարող է նրան հեռացնել աշխատանքից: Հայաստանում, ցավոք սրտի, արդեն եղել են նման դեպքեր: 

ՄԻԱՎ ունեցող հայերը խնդիրների են բախվում նաեւ այլ երկրներում աշխատելիս:  ՄԻԱՎ-ով ապրող հայերի մեծ մասը (մոտ 54 տոկոսը) վարակվել է այլ երկրներում, հիմնականում` Ռուսաստանում աշխատելու ընթացքում: Սակայն այդ նույն Ռուսաստանից նրանց կարող են արտաքսել, եթե հայտնի դառնա նրանց կարգավիճակի մասին:  

Այս մարդկանցից շատերի համար աշխատանքային միգրացիան փող վաստակելու միակ մատչելի միջոցն է, այդ պատճառով նրանք լուրջ խնդրի են բախվում. արտասահմանում նրանց համար շատ բարդ է բուժում ստանալը, հետո էլ արտաքսվելու ռիսկ կա, իսկ հայրենիքում նրանց համար դժվար է աշխատանք գտնելը: Այդ ամենը նկատելիորեն  բարդացնում է այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների կյանքը եւ կարող է նույնիսկ նրանց ստիպել   դիմելու ոչ այնքան օրինական քայլերի (օրինակ` փաստաթղթերի եւ տեղեկանքների կեղծման), որպեսզի թաքցնեն իրենց կարգավիճակը եւ չզրկվեն աշխատանքից: 

Բուժում այլ երկրներում

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրողները կանոնավոր կերպով հետազոտվում են ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնում եւ ամեն ամիս հակառետրովիրուսային դեղամիջոցներ են ստանում, որոնք անհրաժեշտ են նրանց առողջության պահպանման համար: Աշխատանքային միգրանտներին դեղեր տրամադրում են  3 ամիս, ոչ ավելի: Դա նշանակում է, որ 3 ամիսը մեկ նրանք կամ Հայաստան պիտի վերադառնան հետազոտվելու եւ դեղամիջոցներ ստանալու կամ էլ հետազոտվեն այն երկրում, որտեղ աշխատում են եւ ինչ-որ եղանակով ձեռք բերեն անհրաժեշտ դեղամիջոցները:

Երկու տարբերակն էլ ֆինանսական եւ այլ դժվարություններ են ստեղծում այդ մարդկանց համար. առաջին դեպքում դա ճանապարհածախսն է, երկրորդում` արտաքսման վտանգ կա, եթե օտար երկրում բացահայտվի նրանց կարգավիճակը: 

Ներկայումս հասարակական կազմակերպությունների անդամները սեփական նախաձեռնությամբ դեղերի տեղափոխում են կազմակերպում հարեւան երկրներ, որտեղ աշխատում են մեր աշխատանքային միգրանտները: Սակայն մի խումբ մարդկանց նախաձեռնությունը քիչ է. այդ հարցն ավելի լուրջ եւ գլոբալ լուծում է պահանջում: 

«Եկել է ժամանակը, որ մարդիկ հասկանան, որ ՄԻԱՎ-ը մարդկանց առանձին խմբերի հիվանդություն չէ, այլ ամբողջ հասարակության խնդիրը, հիվանդություն, որին մի օր կարող է բախվել յուրաքանչյուրը:  Հանրությունը պիտի սկսի հասկանալ, որ չի կարելի ՄԻԱՎ-ով ապրող մարդուն զրկել լիակատար կյանքով ապրելու եւ սովորական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից:   Անհրաժեշտ է պայքարել հասարակությունում արմատացած խտրականության ու կարծրատիպերի դեմ:   Անհրաժեշտ է ՄԻԱՎ-ի մասին տեղեկություններ տարածել, որպեսզի մարդիկ հասկանան, որ չի կարելի վախենալ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ շփումից եւ չի կարելի վախենալ նրանց աշխատանքի վերցնելուց», - նշել է Լիլիթ Ալեքսանյանը: 

Հիշեցնենք, որ մարտի 23-25-ին Մոսկվայում տեղի կունենա Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Հինգերորդ համաժողովը, որը  50 երկրից, այդ թվում նաեւ  Հայաստանից 2500 մասնակից կունենա: Հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց պաշտպանությամբ, հույս ունեն, որ Համաժողովն իրենց հնարավորություն կտա քննարկել իրենց օգտառուների խնդիրները եւ դրանց լուծման ուղիներ գտնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll