Բժիշկները հեռացրել են 27-ամյա չինացու մեջքին աճած 10-կիլոգրամանոց ուռուցքը, որը մեջքի պայուսակ է հիշեցրել: Սիան քաղաքից Յան Սյաոի ուռուցքը սկսել է աճել մոտ 10 տարի առաջ:

Բժիշկները երիտասարդին նախազգուշացրել են, որ վիրահատությունը բավական վտանգավոր է լինելու: Սակայն ուռուցքից չազատվելու դեպքում այն այնքան կմեծանար, որ Յան Սյաոն կկորցներ ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը:

2007-ին երիտասարդին ֆիբրոմատոզ են ախտորոշել: Այն ժամանակ նրան առաջարկել են վիրահատել, բայց զգուշացրել են հնարավոր ռիսկի մասին:

2013-ի վերջին երիտասարդը ստիպված է եղել նորից բժշկի դիմել: Այդ պահին ուռուցքն ունեցել է 30x45 սմ չափ, իսկ հաստությունը եղել է 17 սմ: Վիրաբույժները նորից նախազգուշացրել են հիվանդին, որ վիրահատությունը ռիսկային է:

Բժիշկները նաեւ բացատրել են, որ միջոցներ չձեռնարկելու դեպքում ուռուցքն ավելի արագ կզարգանա: Ի վերջո երիտասարդի հայրը  վիրաբուժական միջամտության համաձայնություն է տվել: Վիրահատությունն արվել է փետրվարի 19-ին եւ տեւել է 9 ժամ: Daily Mail-ը գրում է, որ երիտասարդը դեռ հիվանդանոցում է: Եվ չնայած վիրաբույժները հեռացրել են ուռուցքը՝ բացառված չէ, որ այն նորից զարգանա: