Օրական ընդամենը երկու կտոր խոզապուխտի օգտագործումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը, զգուշացնում են World Cancer Research Fund (WCRF)-ի գիտնականները:

Արդեն հայտնի է, որ ալկոհոլի, վերամշակված մսի օգտագործումը, ինչպես նաեւ ավելորդ քաշի առկայությունը ուղղակիորեն կապված են ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգի հետ: Սակայն ի՞նչ քանակությամբ է պետք օգտագործել այս մթերքները, որպեսզի վնաս չտան օրգանիզմին:  WCRF-ի գիտնականները ստամոքսի քաղցկեղի բարձր վտանգ են նկատել այն մարդկանց մոտ, որոնք օրական երեք չափաբաժին ալկոհոլից ավելի են օգտագործում: Օրական երկու կտոր խոզապուխտը կամ   50 գ վերամշակված միսը եւս կապված են ստամոքսի քաղցկեղի հետ: 

Իմիջիայլոց, վտանգավոր են նաեւ այն սննդամթերքները, որոնց պահպանության ժամկետը երկարացնելու համար աղ է օգտագործվել   (ներառյալ մարինացված բանջարեղենը, աղը դրած կամ չորացրած ձուկը, ինչպես նաեւ այն միսը, որն ապխտման է ենթարկվել, աղն է դրվել կամ պահածոյացվել է տարբեր տեսակի կոնսերվանտների միջոցով): Իսկ ցիտրուսայինների օգտագործումն օգնում է նվազեցնել քաղցկեղի զարգացման վտանգը, նկատել են գիտնականները: 

Գիտնականները հիշեցնում են, որ միայն Մեծ Բրիտանիայում տարեկան ավելի քան   7 000 հազար մարդ բախվում է ստամոքսի ուռուցքների, ինչը  5 000 մահվան է հանգեցնում: Հիվանդների 80 տոկոսն իր ախտորոշման մասին իմանում է այն ժամանակ, երբ քաղցկեղը հասցրած է լինում տարածվել օրգանիզմում: 

Ուռուցքաբանները լավ ցուցանիշ են համարում, եթե ստամոքսի քաղցկեղով հիվանդը ողջ է լինում ախտորոշումից երկու տարի անց: Հետաքրքիր է, որ տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախակի են բախվում այս ուռուցքներին, քան կանայք: