Շատերը ծոմ են պահում ոչ միայն հոգեպես մաքրվելու համար, այլեւ մի շարք հիվանդությունների բուժման համար։ Ծոմը իրականում համարվում է բուժման շատ հզոր մեթոդ, մարտի 11-ի ասուլիսի ժամանակ ասաց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

Ժամանակակից բժշկությունը ծոմը որպես բուժման միջոց չի ընդունում, սակայն, ըստ դիետոլոգի, կան շատ տեսություններ ու մոտեցումներ, որոնց համաձայն սոված մնացող օրգանիզմը անցնում է այլ տիպի նյութափոխանակության, սկսում է այլ կերպ աշխատել եւ ընթացքում բուժվում է մի շարք հիվանդություններից։

«Օրգանիզմը ինչ-որ տեղից պետք է էներգիա ստանա, իսկ էներգիայի հիմնական աղբյուրը մնում է սնունդը։ Եթե մեքենայի հետ համեմատենք, ոչ մի մեքենա չի կարող շարժվել առանց վառելիքի։ Եթե ծոմ պահող մարդը շարժվի, դա կլինի իր ներքին օրգանների մաշվելու հաշվին», - ասաց նա։

Այդ պատճառով մարդը, որը շատ է աշխատում եւ շատ էներգիա է ծախսում, չպետք է ծոմ պահի, համարում է մասնագետը։

Ծոմի ժամանակ օրգանիզմին չվնասելու համար պետք է շատ զգույշ լինել, պնդում է Պետրոսյանը։ Սովով բուժվել կարելի է միայն բժշկի հսկողությամբ, ով այդ մեթոդի կիրառման փորձ ունի։ Ինչ վերաբերում է ծոմի տեւողությանը, դա, ըստ Վարդանուշ Պետրոսյանի, շատ անհատական է եւ կախված է մարդուց. ոմանք կարող են ծոմ պահել մի քանի օր, իսկ մյուսսները՝ ամսից ավել։ Այդ պատճառով միայն բժիշկը կարող է որոշել, կարելի է արդյոք պացիենտին ծոմ պահել, եւ եթե այո, ապա որքան երկար նա կարող է չուտել։

«Ցանկալի է ծոմ պահել հիվանդանոցում, բժշկի հսկողությամբ, որովհետեւ այդ ժամանակ որոշ հիվանդություններ կարող են սրվել», - ասաց նա։

Դիետոլոգը նաեւ ավելացրեց, որ ցանկալի է ծոմ պահել այնպիսի ժամանակ, երբ պետք չէ աշխատել եւ էներգիա ծախսել, եւ երբ կարելի է մենակ մնալ եւ հանգստանալ։ «Ծոմը չպետք է լինի մարդու օրգանիզմի պահուստների եւ առողջության հաշվին, այն չպետք է վնասի առողջությանը», - հիշեցրեց Վարդանուշ Պետրոսյանը։