Բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտը Երեւանում գործելու է ապրիլ ամսից եւ կիրառվելու է ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության եւ ուռուցքաբանության ոլորտներում։ Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը։

«Այս պահին բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի նախագիծը վերջնականապես պատրաստ է եւ քննարկվել է ԱՆ ստորաբաժանումներում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում եւս մի քանի քննարկում կլինի ասոցիացիաներում եւ մասնագետների մոտ, ու ապրիլին ինստիտուտը կսկսի գործել», - ասաց Վարդանյանը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտը եւ ինչպե՞ս է այն գործելու

Ինչպես նշեց Վարդանյանը, բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի գլխավոր նպատակը առողջապահության ոլորտում ծառայությունների որակի բարելավումն է։ Այս նախագիծը թե բժիշկներին, թե հիվանդներին հնարավորություն կտա բարդ, դժվար ախտորոշվող իրավիճակներում երկրոդ մասնագետի խորհրդատվական կարծիքը ստանալ։

Ըստ Վարդանյանի՝ ցանկացած պացիենտ հնարավորություն կունենա դիմել այս ինստիտուտին, եթե նա ցանկանում է լսել իր հիվանդության մասին այլ, անկախ մասնագետի կարծիքը։ Նույնիսկ եթե հիվանդի բուժող բժիշկը ոչ մի կասկած չունի հիվանդի ախտորոշման վերաբերյալ եւ համոզված է, որ սխալ լինել չի կարող։ Եթե հիվանդն ունի կասկածներ, նրա՝ երկրորդ կարծիքի ինստիտուտին դիմելու ցանկությունը պետք է անպայման իրականացվի։

«Անկախ պաթոլոգիայից եւ հիվանդության ծանրության աստիճանից, եթե տվյալ հիվանդը ցանկություն ունի երկրորդ կարծիք լսել, նրա ցանկությունը առաջնային է, եւ անպայման պետք է կազմակերպվի երկրորդ մասնագետի ներգրավումը», - նշեց Վարդանյանը։

Նախկինում կային կոնսիլիումներ, սակայն բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտն այս ձեւաչափով առաջին անգամ է ներդրվում Հայաստանում։ Առայժմ նախագիծը կիրառվելու է Երեւանում՝ որպես պիլոտային ծրագիր։ 6 ամիս անց ծրագրի անդյունքները կուսումնասիրվեն, նախագիծը կկատարելագործվի, եւ ապա հնարավոր կլինի խոսել դրա՝ բժշկության այլ ոլորտներում ներդնելու մասին։

Ի՞նչ մասնագետներ են արտահայտելու բժշկական երկրորդ կարծիքը

Ինչպես նշեց Վարդանյանը, բժիշկ-խորհրդատուների ցանկը ներկայացված է ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների եւ մասնագիտական ասոցիացիաների կողմից։ «Նրանք ճանաչված, փորձված բժիշկներ են, ովքեր ժամանակակից մոտեցումներին, մեթոդներին եւ տեխնոլոգիաներին լավ ծանոթ են։ Նրանք եւ պրակտիկայով են զբաղվում, եւ գիտությամբ», - ասաց Վարդանյանը ։

NEWS.am Medicine-ի այն հարցին, թե արդյոք բժիշկների ընկերական հարաբերությունները չեն խանգարի նրանց հերքել միմյանց ախտորոշումները, Վարդանյանը պատասխանեց. «Երբ հարցը վերաբերվում է մարդու առողջությանը եւ կյանքին, այդ «ընկերներ լինելը» երբեք չի խանգարում բժիշկներին իրենց մասնագիտական կարծիքը բարձրաձայնել»։