Թարմ օդը շատ կարեւոր է նորածնի առողջության համար. զբոսանքների շնորհիվ՝ փոքրիկն ավելի արագ է յուրացնում սնունդը եւ ավելի լավ է քնում, նրա օրգանիզմն ամրանում է, իսկ մաշկի տակ վիտամին D է սինթեզվում: Բայց ո՞ր տարիքից կարելի է նորածնին դուրս հանել: Այս հարցին NEWS.am Medicine-ի հետ զրուցում պատասխանեց մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը:
«Փոքրիկներին կարելի է դուրս տանել անմիջապես ծննդատնից դուրս գրվելուց հետո»,- ասաց մանկաբույժը:
Զբոսանքները, իհարկե, պետք է աստիճանաբար սկսել. սկզբում պետք է երեխայի հետ 10 րոպեով դուրս գալ, հետո՝ 15: Ժամանակի ընթացքում զբոսանքների տեւողությունը պետք է հասցնել մինչեւ 2 ժամի՝ օրական 2 անգամ: Ավելի լավ է՝ խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից ու ստվերում զբոսնել:
Արուսյակ Խաչատրյանի խոսքով՝ այդպիսի զբոսանքներ պետք է անել նույնիսկ ձմռանը, բայց երեխան պետք է ըստ եղանակի հագնված լինի, նա պետք է ոչ մրսի, ոչ շոգի: «Նա չպետք է քրտնի, նրա ձեռքերը, ոտքերն ու քիթը չպետք է սառեն»,- նշեց մանկաբույժը:
Ինչպե՞ս իմանալ՝ երեխան մրսո՞ւմ է: Մանկաբույժը խորհուրդ է տալիս ծոծրակով կողմնորոշվել. եթե ծոծրակը տաք է, երեխան չի մրսում: Երեխայի ականջները եւս պետք է տաք լինեն:
Հիշեցնենք, որ ըստ ավանդույթի՝ որոշ երկրներում, որոնց թվում է նաեւ Հայաստանը, երեխային կարելի է դուրս հանել միայն ծնվելուց 40 օր հետո: «Դա ավանդույթ է, եւ դժվար թե հաջողվի պայքարել դրա դեմ, բայց այդպիսի մոտեցումը, ամեն դեպքում, ճիշտ չի համարվում» - նշեց Արուսյակ Խաչատրյանը:
Բանն այն է, որ լիարժեք զարգացման համար երեխային վիտամին D է անհրաժեշտ, որը, ինչպես մանկաբույժը նշեց, շատ կարեւոր է վարակների եւ տարբեր հիվանդությունների, ներառյալ՝ նույնիսկ քաղցկեղային հիվանդությունների, կանխարգելման համար: Մեր օրերում բժիշկները մինչեւ 2 տարեկան երեխաներին խորհուրդ են տալիս ընդունել այդ վիտամինը՝ խուսափելու համար առողջական մի շարք խնդիրներից:
Սակայն եթե նույնիսկ երեխան սինթետիկ վիտամիններ է ընդունում, դա չի նշանակում, որ կարելի է անտեսել մաքուր օդին զբոսանքները, որոնց շնորհիվ, ինչպես արդեն նշվեց, մաշկի տակ բնական D վիտամին է սինթեզվում: Զբոսանքները պարտադիր են փոքրիկի համար, նույնիսկ եթե նա արեւոտ տանն է ապրում:
«Արեւի ճառագայթները, որոնց ազդեցությամբ մաշկի տակ վիտամին D է սինթեզվում, պատուհանի ապակու միջով չեն անցնում, ուստի եթե նույնիսկ երեխայի սենյակը շատ լուսավոր է, այդ ճառագայթները չեն հասնի երեխային»,- նշեց մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը:






