2013 թվականին Հայաստանում տուբերկուլոզի նոր դեպքերի թիվը մինչեւ 17 տարեկան երեխաների շրջանում կազմել է 67։ Այս մասին մարտի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը։
Տուբերկուլոզի ընդհանուր հիվանդացությունը 2013 թվականին կազմել է 1055, այսինքն, մանկական դեպքերը կազմել են բոլոր դեպքերի մոտ 6.3 տոկոսը։ Ինչպես նշեց Հայրապետյանը, բոլոր 67 դեպքերից միայն 3-ն են դեղորայքակայուն։ Համեմատության համար, տուբերկուլոզի բոլոր (1055) դեպքերից 104-ը, այսինքն, մոտ 9.8 տոկոսը դեղորայքակայուն են։ Ստացվում է, որ երեխաների շրջանում դեղորայքակայուն տուբերկուլոզը գրեթե երկու անգամ ավելի հազվադեպ է հանդիպում եւ կազմում է ընդամենը 4.4 տոկոսը։
Թոքային տուբերկուլոզով հիվանդների թիվը 2013-ին կազմել է 25, իսկ արտաթոքային տուբերկուլոզով 42 հիվանդ երեխա է գրանցվել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, թե ինչու է երեխաների շրջանում արտաթոքային տուբերկուլոզը ավելի տարածված, քան թոքայինը, Արմեն Հայրապետյանը պատասխանեց.
«Դա նաեւ կապված է եղել ԲՑԺ պատվաստումների հետեւանքով առաջացած բարդությունների հետ։ 2013 թվականին եղել են հետպատվաստումային բարդություններ, եւ այդ դեպքերն էլ են գրանցվել որպես արտաթոքային դեպքեր»։
Արմեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ 2013 թվականին երեխաների շրջանում տուբերկուլոզից մահվան դեպքեր չեն արձանագրվել։






