Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի եւ սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում եւ եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2013 թվականի հոկտեմբեր - նոյեմբերի ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1պնդ09 եւ Ա (H3N2) ենթատեսակները:

Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր, որը բնորոշ է եւ՛ ներկայիս, եւ՛ անցած սեզոնների ընթացիկ ժամանակահատվածին:

Ինչ վերաբերում է ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի եւ սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնության մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ: