16 ամյա Հեննգլիզ Դորիվալը Հայիթիից իր դպրոցական ընկերներից տարբերվել է, քանի որ նրա դեմքին եղել մի մեծ ուռուցք։ «Ժպիտ Վիրահատություն» միջազգային բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է աղքատ երկրներում ապրող նապաստակի շրթունք կամ գայլի երախ հիվանդություն ունեցող երեխաներին, կազմակերպել է աղջկա տեղափոխումը ԱՄՆ, որտեղ նրան վիրահատել են եւ հեռացրել երկու կիլոգրամանոց այդ ուռուցքը, հայտնում է Medical Daily-ն։

«Ես երջանիկ եմ։ Իմ դեմքը փոքրացել է»,- ասել է Դորիվալը «Ժպիտ Վիրահատություն»-ի բժշկին թարգմանիչի միջոցով։ Ըստ բժիշկների, վիրահատությունը բավականին վտանգավոր է եղել, անգամ փոխել է աղջկա եւ մայրիկի՝ Իվրոզի հարաբերությունները։ Այժմ մարյրիկը ասում է, որ իր աղջկա կողքին ավելի հարմար է իրեն զգում։ «Վիրահատությունից առաջ Հեննգլիզը խուսափել է դուրս գալ փողոց եւ շփվել իր հասակակիցների հետ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է»,- ասել է նա։
Երբ աղջիկը եղել է 12 տարեկան, Հայիթիի բժիշկները նրա մոտ բարորակ ուռուցք՝ ամելոբլաստոմա են հայտնաբերել։ Ատամնային ծագում ունեցող ուռուցքը ամենից հաճախ առաջանում է ծնոտում՝ սեղանատամների կողքին, ասել են Մայոյի կլինիկայի մասնագետները։ Թեպետ ամելոբլաստոմաները բարորակ են, բայց կարող են լինել ագրեսիվ եւ ներաճել ծնոտի ոսկորի մեջ՝ առաջացնելով ցավ եւ այտուցներ, ինչպես եղել է Դորիվալի դեպքում։ Նրա բախտը պարզապես բերել է, որ ուռուցքը չի խորացել ծնոտի մեջ։ Այնուամենայնիվ, ուռուցքը այնքան մեծ է եղել, որ վնաս է հասցրել իր ծնոտին եւ մկանային համակարգին, եւ անգամ նրա ձախ աչքը տեղաշարժել է, ինչի հետեւանքով աղջիկը սկսել է վատ տեսնել՝ գրեթե կուրանալ։

«Ժպիտ Վիրահատություն» կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն դոկտոր Ուիլիամ Մագին Դորավիլին վիրահատած բժիշկներից մեկն է։ «Նա միգուցե անգամ խեղդվեր եւս վեց ամիս նման վիճակում մնալով, քանի որ ուռուցքը լիովին կփակեր թթվածնի մուտքը օրգանիզմ»,- ասել է Մագին։ Երեխային դեռ մի քանի անգամ կվիրահատեն, ընդ որում մեկը բավականին լուրջ վիրահատություն է լինելու՝ ծնոտի ուղղում։ Մինչ այդ նա պետք է միայն շիլաներ եւ հեղուկներ օգտագործի։







