ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ, հունիսի 3-ին Մոսկվայում հանդիպեց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից՝ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկրի առողջապահական համակարգը, իրականացվող ծրագրերը։ Նշվեց, որ արդեն իսկ առկա է երկկողմ արդյունավետ համագործակցության փորձ մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում։ Բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կարեւորվեց համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը։ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախարարները քննարկեցին մի շարք ուղղություններով միասնական իրավական դաշտում աշխատելու նպատակահարմարությունը։ Ընդգծվեց հատկապես տեղեկատվական, իմունականխարգելման աշխատանքների ընդհանուր դաշտ ունենալու, ինչպես նաեւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:

Ընդառաջելով հայկական կողմի խնդրանքին, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի շտապօգնության մեքենաների տրամադրման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարն առաջարկեց աշնանը Երեւանում կազմակերպել Հայ-ռուսական առողջապահական ֆորում, որին մասնակցելու համար պաշտոնապես հրավիրեց Վերոնիկա Սկվորցովային։ Կողմերը քննակեցին նաեւ բժշկական շարունակական կրթության զարգացման, հիվանդների փոխանակման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: