Ի՞նչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել բժշկության ոլորտում 2020 թվականի հունվարի 25-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Ո՞ր լուրերը դուք, գուցե, բաց եք թողել։
Կորոնավիրուսը Չինաստանում
Նոր կորոնավիրուսը, որը ստացել է 2019-nCoV անվանումը, տարածվել է ամբողջ աշխարհում՝ առաջացնելով թոքաբորբ։ Վերջին տվյալներով՝ վիրուսն արդեն խլել է ավելի քան 200 մարդու կյանք, իսկ վիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 000-ը։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ երկրներ սկսել են սահմանափակել Չինաստանից քաղաքացիների, ինչպես նաեւ վերջին 2 շաբաթվա ընթացքում Չինաստան այցելած մարդկանց ժամանումը։ Այդպիսի հրաման է վերջերս ստորագրել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանում նույնպես դիտարկում են այդպիսի սահմանափակում սահմանելու հավանականությունը, սակայն այն դեռեւս կվերաբերի հայրենիք վերադարձող Հայաստանի քաղաքացիներին։
Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել բացի Չինաստանից եւս 18 երկրում, ընդ որում՝ եղել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքեր նաեւ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում։
Չինաստանում բազմաթիվ քաղաքներ դեռեւս փակ են․ գործում են լուրջ սահմանափակումներ քաղաքի մուտքի եւ ելքի համար, ինչպես նաեւ քաղաքի ներսում տեղաշարժվելու կապակցությամբ։
Հետազոտողները փնտրում են այդ վիրուսի դեմ պայքարելու եղանակներ եւ մշակում պատվաստանյութեր։ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից եւ Ֆուդանի համալսարանից (Չինաստան) գիտնականները, օրինակ, առաջարկում են նոր կորոնավիրուսը չեզոքացնելու համար հակամարմիններից մեկը, որը բացահայտվել էր 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ։
Հոնկոնգից գիտնականները մշակել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։ Ճիշտ է՝ դա թեստավորելու համար ժամանակ է պետք։
Իր հերթին ավստրալացի գիտնականները կարողացել են ստանալ 2019-nCoV կորոնավիրուսի լաբորատոր կրկնօրինակը։ Այդ հայտնագործությունը թույլ կտա արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու հարցում։
Ուշագրավ դեպքեր
Բժիշկները փրկել են 650 գրամ կշռող նորածնի կյանքը, որը ծնվել է ժամկետից 17 շաբաթ առաջ եւ որի սրտի զարկերը դադարել էին 40 րոպեի ընթացքում։
Ավելի քան 10 տարի ամերիկյան Տեխաս նահանգից Ջերարդո անունով տղամարդը տառապել է գլխացավերից։ Ինչպես պարզ է դարձել, նրա գլխուղեղում կար հսկայական ժապավենաձեւ որդ։
Սան Ֆրանցիսկոյից MShrayber անունով Twitter-ի օգտատերն իր մոտ կասկածել է երակների թրոմբոզ՝ նկատելով, որ իր ոտքերը տարօրինակ կերպով կապտել են։ Համացանցում նա կարդացել է, որ հենց այդ հիվանդության մասին է վկայում վերջույթների կապտելը։ Խուճապահար նա գնացել է հիվանդանոց։ Այնտեղ, սակայն, պարզ է դարձել, որ նա թրոմբոզ չունի, այլ ոտքերը կապտել են նոր ջինսերի պատճառով, որոնք նա կրել էր առանց նախապես լվանալու։
Հետազոտություններ
Հանրահայտ կետոգենային դիետան երկարաժամկետ հեռանկարում կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, նախազգուշացնում են Յելի համալսարանից (ԱՄՆ) գիտնականները։
Բացի այդ, առողջության համար վնասակար են ճանաչվել ամերիկյան ռեստորաններում գրեթե բոլոր կերակրատեսակները։
Յելի համալսարանից գիտնականները հայտնաբերել են վահանաձեւ գեղձի քաղցկեղի եւ բջջային հեռախոսներից ստացված ճառագայթման միջեւ կապը։
Քաղաքի օդի աղտոտվածությունը, որը կապված է տրանսպորտի հետ, լուրջ վտանգ է ներկայացնում երեխաների եւ մեծահասակների ուղեղի համար։ Այդ մասին նախազգուշացնում են Ցինցինաթի մանկական հիվանդանոցի Բժշկական կենտրոնից (ԱՄՆ) գիտնականները։






