Բժիշկները միաբերան պնդում են, որ առողջ լինելու համար պետք է ճիշտ սնվել եւ առողջ, ակտիվ ապրելակերպ վարել: Չափավոր սպորտը շատերի համար իրոք առողջարար է, բայց կարելի՞ է արդյոք սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց սպորտով զբաղվել: NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցի շուրջ խոսել են սրտաբաններ Տիգրան Պողոսյանը եւ Ալբերտ Զոհրաբյանը:

Պարզվում է, որոշ սրտային հիվանդությունների դեպքում ակտիվ ապրելակերպը կարող է առողջարար լինել: Օրինակ, սրտի իշեմիկ հիվանդության դեպքում, եթե սիրտը չի տուժել, սրտաբանները խորհուրդ են տալիս լողով զբաղվել եւ երեկոյան զբոսնել, բայց խուսափել այսպես կոչված «ծանր մարզաձեւերից»՝ ծանրամարտից, մարզասրահներում հոգնեցնող պարապմունքներից եւ ծանրություններ բարձրացնելուց:

Սակայն ծանր սրտային խնդիրներ ունեցողներին (սրտային անբավարարություն, առիթմիաներ, հաճախ՝ սրտի հաստացած պատեր եւ այլն) սպորտը սովորաբար հակացուցված է: Նույնիսկ լողավազան հաճախելը նման խնդիրներ ունեցող մարդկանց համար որպես կանոն ցանկալի չէ՝ այն լրացուցիչ ծանրաբեռնվածություն է սրտի համար եւ կարող է բարդություններ առաջացնել:

Եթե սիրտ-անոթային համակարգի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեք, ինչ-որ նոր բան ձեռնարկելուց եւ սպորտով զբաղվելուց առաջ անպայման խորհրդակցեք բուժող բժիշկի հետ: Քանի որ բուժող բժիշկը բոլորից լավ է ծանոթ Ձեզ եւ Ձեր հիվանդությանը, միայն նա կարող է ասել, կարելի է արդյոք Ձեզ՝ Ձեր կոնկրետ խնդրով հանդերձ, զբաղվել սպորտով: Եւ եթե կարելի է՝ ինչ սպորտով: