Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի առաջացման վտանգ են պարունակում, սակայն դրանցից խուսափելը եւս տարատեսակ սպառնալիքներով է հղի, հատկապես այն երկրների բնակիչների համար, որտեղ արեւոտ օրեր քիչ են լինում, հաղորդում է FoxNews-ը:

Խոսքը, մասնավորապես, սկանդինավյան երկրների մասին է:

Հետազոտությամբ պարզվել է, որ արեւի ճառագայթներից խուսափող, ինչպես եւ արեւային լոգանքը չարաշահող կանայք տարատեսակ հիվանդությունների, այդ թվում նաեւ՝ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգի են ենթարկվում: Հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդու օրգանիզում D վիտամինի արտադրություն խթանելու հատկություն ունեն: Ահա հենց այս վիտամինի պակասն է, որ կարող է սրտանոթային հիվանդությունների եւ մաշկի առավել ագրեսիվ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Հետազոտության շրջանակում 25-64 տարեկան 30 հազար շվեդ կանանց առողջական վիճակն է ուսումնասիրվել: Առաջարկված հարցաշարի օգնությամբ 1990-1992թթ.-ին վերագրվող տվյալներ են հավաքագրվել առ այն, թե մասնակիցները որքան հաճախ, ինչպիսի թողունակությամբ եւ որ տարածաշրջաններում են արեւային լոգանք ընդունել: Մասնավորապես, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը 0-ից  մինչեւ 4 բալային համակարգով է գնահատվել:  Այլ գործոններ, ինչպիսիք են չարօրակ մելանոմայի ընտանեկան պատմությունը եւ կարմիր մազերի գործոնը, եւս հաշվի են առնվել:

Արդյունքում պարզվել է, որ թեեւ մաշկի քացկեղի առաջացման ամենամեծ վտանգը ուլտրամանուշակագույն ճառագայթներին «տրվող» կանանց է սպառնում, «ստվերում» թաքնվողների՝ այլ հիվանդություններից մահացության դեպքերը 40 տոկոսով բարձր ցուցանիշ են կազմում:

Հետազոտությունը որոշ սահմանափակումներով է բնորոշվում, քանի որ միայն բաց գույնի մաշկ ունեցող կանանց շրջանում է իրականացվել: Բացի այդ, մասնակիցների արյան մեջ D վիտամինի բաղադրության կամ դրա՝ սննդային հավելումների տեսքով համալրման վերաբերյալ տեղելություններ չեն հավաքագրվել, իսկ արեւային լոգանքի «չափաբաժնի» վերաբերյալ տվյալներն իրենք՝ մասնակիցներն են տրամադրել: