Հիմնականում բուսական ծագման մթերքներից կազմված սննդակարգն օգտակար է ասթմայի դեպքում եւ նվազեցնում է դրա ախտանիշների արտահայտվածությունը: Իսկ ահա կաթնամթերքն ու յուղոտ մթերքները, հակառակը, կարող են բացասաբար ազդել պացիենտի ինքնազգացողության վրա: Այս մասին հայտնում է Eurek Alert-ը:
Հետազոտողները ստուգել են սննդակարգի ազդեցությունը ասթմատիկների վիճակի վրա: Նրանց առաջին հերթին հետաքրքրել են մրգերը, բանջարեղենը, հատիկավոր մթերքները եւ բջջանյութի մեծ պարունակությամբ այլ մթերքները: Ուշադրության դաշտում են հայտնվել նաեւ կաթնամթերքն ու հագեցած ճարպերի մեծ պարունակությամբ մթերքները:
Մի փորձարկում ցույց է տվել, որ ասթմայով պացիենտի մոտ, որը 8 շաբաթ սնվել է բուսական մթերքներով, դեղերի անհրաժեշտությունը զգալիորեն վերացել է, իսկ ախտանիշները պակաս արտահայտված են դարձել: Մեկ այլ փորձարկում, որը տեւել է մեկ տարի, ցույց է տվել, որ բուսական սնունդն օգնում է մեծացնել արտաշնչվող օդի ծավալը եւ թոքերի աշխատանքի այլ կարեւոր ցուցանիշները:
Ինչպես հայտնի է, բուսական սնունդը մեծ քանակությամբ բջջանյութ եւ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումը: Իսկ ահա կաթնամթերքը եւ հագեցած ճարպերով մթերքները կարող են վտանգավոր լինել, քանի որ մեծացնում են բորբոքման մակարդակը՝ խորացնելով պացիենտների վիճակը:






