Մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ մարզերի ոլորտի պատասխանատուները մանրամասն տեղեկացրեցին իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքի, դրանում ընդգրկվածության ցուցանիշների, մարզերի եւ Երեւանի պոլիկլինիկաներում զինակոչիկների առողջության անձնագրերի տրամադրման, նրանց պատվաստումների կազմակերպման, ինչպես նաեւ նախորդ խորհրդակցության ընթացքում ստացած այլ հանձնարարականների կատարման մասին։
Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, նաեւ քննարկվեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակն ու խնդիրները։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել առողջական բարդ խնդիրներ ունեցող հիվանդների բուժման ընթացքը, անհրաժեշտության դեպքում օգտվել մարզային հիվանդանոցներում գործող հեռուստակապի հնարավորություններից։
«Ինչպես գիտեք, նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ծրագրով շտապօգնության կայանները համալրվել են համակարգչային տեխնիկայով, հանրապետության բոլոր շտապօգնության մեքենաներն ապահովվել են պլանշետներով։ Ծառայության այս բարեփոխումներն, անկասկած, կնպաստեն բնակչության առաջին բուժօգնության բարելավմանը։ Սրանք, միաժամանակ, էլեկտրոնային առողջապահության ներդրման առաջին քայլերն են, որոնց հիմքերը պետք է լավ դրվեն»,-ասաց Վահան Պողոսյանը։ Նա մարզերի առողջապահական ոլորտի պատասխանատուներին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել զորակոչիկների առաջին անգամ պոլիկլինիկաներում իրականացվող պատվաստումները։ Կարեւորվեցին նաեւ առողջության պահպանման առաջնային օղակում որդեգրվող նոր մոտեցումները։ Մասնավորապես, խոսվեց առաջին անգամ նախատեսվող կանխարգելիչ կանչերի կազմակերպման մասին։ Սկզբնական շրջանում այն կկիրառվի սոցփաթեթի շահառուների նկատմամբ։
Փոխնախարարը, միաժամանակ, հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել բուժհիմնարկների ֆինանսական հոսքերը` տարին առանց ֆինանսական խնդիրների փակելու նպատակով։






