Հոկտեմբերի 6-ին ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտների համար սահմանված՝ 2014թ.-ի Նոբելյալ մրցանակը մարդու ուղեղի մեջ առկա «ներքին GPS»-ի հայտնագործությունը հեղինակած երեք գիտնականների է շնորհվել: Համակարգ, որի օգնությամբ կարողանում ենք կողմնորոշվել՝ շրջակա միջավայրում, հասկանալ, թե որտեղ ենք, որտեղից ենք գալիս եւ ինչպես կարող ենք նույն վայրը վերադառնալ: Նոբելյալ կոմիտեի բնորոշմամբ, Ջոն Օ'Քիֆին ու Մոզեր ամուսիններին (Մեյ-Բրիտ եւ Էդվարդ) հաջողվել է դարեր շարունակ փիլիսոփաներին եւ գիտնականներին հուզող հարցը պարզել, թե ինչպես է ուղեղը շրջակա միջավայրի քարտեզը կազմում եւ մարդուն կողմնորոշվելու հնարավորություն ընձեռում, հաղորդում է Washington Post-ը:
Գիտնականների տված պատասխանը կարող է ոչ միայն տարածական հիշողության հետ կապված խնդիրներ ունեցող, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող, այլ նաեւ, շրջակա միջավայրի կազմակերպման եւ մատուցման տեսանկյունից, միանգամայն առողջ մարդկանց վերաբերել: Եթե առաջին դեպքում այն գիտնականների եւ բժիշկների հետաքրքրությունն է շարժում, երկրորդիվ կարող է նաեւ քաղաքաշինությամբ զբաղվող մասնագետների, ճարտարապետների եւ քարտեզագիրների ուշադրության կենտրոնում հայտնվել: Վերջիններս, «ներքին GPS»-ի վերաբերյալ նորաստեղծ գիտական ոլորտի ձեռքբերումներից օգտվելով, կարող են բազմաթիվ՝ շփոթության մեջ գցող կառույցների (բժշկական կենտրոններ, երկաթգծային կայարաններ, ողջ թաղամասեր) թերությունը հասկանալ եւ մարդու համար առավել ընկալելի նախագծեր կազմել:
Նախ, փորձենք ինքներս հասկանալ, թե ինչ են Նոբելյալ մրցանակի դափնեկիրները մինչ այժմ մարդու (եւ առնետների) ուղեղի մասին պարզել: Դեռեւս 1971թ.-ին Ջոն Օ'Քիֆը հայտնաբերել էր, որ սենյակի կոնկրետ տեղանքով անցնող լաբորատոր առնետների ուղեղի մեջ առկա որոշակի նյարդային բջիջների ակտիվացում է նկատվում: Ընդ որում, կախված տեղադրությունից, հիշյալ «լուսարձակող» բջիջները կարող են տարբեր լինել: Օ'Քիֆը դրանք «տեղանքային բջիջներ» էր անվանել եւ հետագայում էլ ապացուցել, որ մարդ արարածւը եւս զրկված չէ շրջակա միջավայրը մտավոր քարտեզի վերածող, մեկ փողոցի անկյունը մյուսից տարբերող մասնիկներից: Մոզեր ամուսիններն էլ, ավելի ուշ, «ցանցային բջիջներն» էին հայտնաբերել, որոնք, տեղանքայինի հետ միասին, ընդհանուր տեղադրությունը որոշելու եւ տեղաշարժվելիս կողմնորոշվելու հնարավորություն են ընձեռում մարդուն:
Ողջ՝ վերը նկարագրված նավիգացիոն համակարգը որեւէ շոշափելի գիտակցական ջանք չի պահանջում, բայց եւ ժամանակակից աշխարհում կարող է լուրջ մարտահրավերների բախվել: Երբ, օրինակ, հիվանդանոց ենք գնում, ինչպե՞ս պետք է բժշկի աշխատասենյակը գտնենք: Կամ երբ անծանոթ քաղաքում ենք հայտնվել, ի՞նչ անել՝ հյուրանոցի տեղադրությունը չմոռանալու համար: Եվ վերջապես, մի՞թե ամեն ինչ այնքան բարդ է, որ այլեւս չենք կարող մտավոր քարտեզից օգտվել եւ ստիպված ենք հույսն «արտամարմնային» GPS-ի վրա դնել, ինչը հատկապես դեռահասներն են սիրում անել: Էլ չենք խոսում ավտոմեքենաներով տեղաշարժի հետեւանքների մասին, որոնց արդյունքում երեխաների մեծ մասը նույնիսկ պատկերացում չունեն, թե որ ուղղությամբ են գնում:
Այնպես որ, ինչպես մեծագույն գիտական մրցանակի արժանացած հետազոտությունների արդյունքներն են վկայում, ճարտարապետները եւ քաղաքաշինության ոլորտի մասնագետները հսկայական անելիք ունեն՝ հիվանդանոցներում եւ օտար քաղաքներում մոլորվելու հանավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Ներկայումս արդեն իսկ մի շարք եվրոպական եւ ամերիկյան քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինները փողոցային նշաններ եւ այլ ցուցումներ տեղադրելիս նորահայտ գիտության ձեռքբերումներն են հաշվի առնում:
Բացի այդ, գիտնականները փորձում են նաեւ ուղեղի քարտեզագրության վրա ազդող արտաքին գործոնների առկայությունը պարզել՝ լինի դա բույր, թե աղմուկ, ինչը եւս հավելյալ օժանդակություն կապահովի՝ «ներքին GPS»-ի աշխատանքի մեխանիզմները բացահայտելու հարցում:






