Rovira i Virgili համալսարանի և PREDIMED-Plus կոնսորցիումի գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ֆիզիկական ակտիվության հետ զուգորդված ցածր կալորիականությամբ միջերկրածովյան սննդակարգով եռամյա կենսակերպը մեղմել է մետաբոլիկ համախտանիշ ունեցող տարեց կանանց տարիքային ոսկրային հանքային խտության կորուստը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաշի կորստի համար բուժում ստացած տարեց կանայք ողնաշարի գոտկային հատվածի վրա պաշտպանիչ ազդեցություն են զգացել՝ ի տարբերություն նրանց, որոնց խորհուրդ է տրվել հետևել միջերկրածովյան սննդակարգին՝ առանց սահմանափակումների: Ցածր ոսկրային հանքային խտությունը, որը օստեոպորոտիկ կոտրվածքների հիմնական ռիսկի գործոնն է, հանրային առողջության աճող խնդիր է ամբողջ աշխարհում աճող ճարպակալման և ծերացող բնակչության ֆոնին:
Թեև քաշի կորուստը լայնորեն առաջարկվում է ճարպակամլանն առնչվող պայմանների բուժման համար, այն հաճախ ուղեկցվում է ոսկրային հանքային խտության և ոսկրերի ընդհանուր հանքային նյութերի պարունակության նվազմամբ, հատկապես տարեցների շրջանում:
JAMA Network Open-ում հրապարակված «Միջերկրածովյան սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն և ոսկորների առողջություն տարեցների շրջանում» հոդվածում գիտնականները կատարել են PREDIMED-Plus հետազոտության երկրորդական վերլուծություն: PREDIMED-Plus-ը Իսպանիայի 23 կենտրոններում անցկացված եռամյա, բազմակենտրոն, պատահական, զուգահեռ խմբային կլինիկական փորձարկում է:
Այս վերլուծության համար ընտրվել է ռենտգենյան աբսորպտոմետրիայի առումով հասանելի չորս կենտրոններից հավաքագրված՝ մետաբոլիկ համախտանիշով և ավելորդ քաշից կամ ճարպակալումից տառապող 55-75 տարեկան 924 մարդ (միջին տարիքը 65,1 տարեկան, 49,1% կանայք)՝ ոսկրերի առողջության գնահատման համար:
Հետազոտողները համեմատել են ոսկրերի սկանավորման արդյունքները խմբերի միջև՝ ոսկրերի ցածր խտության տարածվածությունը բացահայտելու համար՝ հիմնվելով ստանդարտ T ցուցիչների վրա: Այդ ցուցիչները մարդու ոսկրային խտությունը համեմատում են առողջ երիտասարդի հետ, իսկ ավելի ցածր արժեքները ցույց են տալիս օստեոպենիա կամ օստեոպորոզ (ոսկրերի թուլացմամբ բնութագրվող և կոտրվածքների ռիսկը մեծացնող ախտաբանական վիճակ):
Ըստ հետազոտության հեղինակների՝ բացահայտումները հաստատում են միջերկրածովյան ցածր էներգիայով սննդակարգի և ֆիզիկական ակտիվության խթանման վրա հիմնված քաշի կորստի միջամտությունները:






