Neurology ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը պարզել է, որ չափազանց շատ վերամշակված սնունդ ուտելը կարող է արագացնել Պարկինսոնի հիվանդության վաղ նշանների ի հայտ գալը։
Հետազոտողները նշում են, որ մեծ քանակությամբ նման սնունդ՝ օրինակ հոթ-դոգ, նախաճաշի շիլաներ, շաքարային գազավորված ըմպելիքներ օգտագործող մարդիկ ավելի շատ են հակված Պարկինսոնի հիվանդության նախանշանների, որն ամենավաղ փուլն է՝ դասական շարժողական ախտանիշների՝ դողի և կաշկանդվածության ի հայտ գալուց առաջ։
Հետազոտությանը մասնակցել է մոտ 43,000 առողջ մեծահասակ, որոնց հետևել են 26 տարի։ Մասնակիցները պարբերաբար բժշկական զննումներ էին անցնում, լրացնում առողջության հարցաթերթիկներ և սննդային օրագրեր՝ երկու-չորս տարին մեկ։ Չափելով բարձր վերամշակված սննդի օրական ընդունումը՝ հետազոտողները հայտնաբերել են Պարկինսոնի հիվանդության վաղ փուլերի նշաններ, դրանց թվում՝ քնի խանգարումներ, դեպրեսիվ ախտանիշներ, մարմնի ցավեր, գունային տեսողության խանգարում, հոտառության նվազում և ցերեկային ժամերին չափազանց քնկոտություն:
Մասնակիցները, որոնք օրական ուտում էին 11 կամ ավելի չափաբաժին գերմշակված սնունդ, երկուսուկես անգամ ավելի հավանական էր, որ զարգանային Պարկինսոնի հիվանդության երեք կամ ավելի վաղ նշաններ՝ համեմատած նրանց հետ, ովքեր օրական օգտագործում էին երեքից պակաս չափաբաժին։
Հետազոտողները շեշտում են, թե ուսումնասիրությունը չի ապացուցում, որ ավելի շատ վերամշակված սննդամթերքի օգտագործումը Պարկինսոնի հիվանդության վաղ նշաններ է առաջացնում. դա միայն ցույց է տալիս կապը։






