Քեմբրիջում մեկնարկել է գիտական պատմության մեջ աննախադեպ եւ խիստ վիճահարույց նախագիծ, որի շրջանակում գիտնականները հուսով են մարդու ԴՆԹ կառուցվածքային բաղադրիչները հավաքել զրոյից՝ ատոմ առ ատոմ, դրանք կազմող սկզբնական քիմիական տարրերից, հաղորդել է BBC-ն։
Մինչեւ վերջերս այս ոլորտում ցանկացած հետազոտություն խստիվ արգելված էր՝ կապված այն մտավախությունների հետ, որ մարդու գենոմի խմբագրումը, ի վերջո, կարող է հանգեցնել այսպես կոչված դիզայներական երեխաների (նախապես ծրագրավորված բնութագրերով) ստեղծմանը կամ ապագայում որոշ անցանկալի, անկանխատեսելի եւ անդառնալի փոփոխությունների։
Սակայն այժմ բրիտանական Wellcome Trust-ը՝ աշխարհի ամենամեծ բժշկական բարեգործական կազմակերպությունը, նախագծին հատկացրել է առաջին 10 մլն ֆունտ սթեռլինգը (մոտ 13.7 մլն դոլար), բացատրելով, որ այս աշխատանքի հնարավոր օգուտները զգալիորեն կգերազանցեն դրանց հետ կապված ռիսկերը, քանի որ այն զգալիորեն կարագացնի ներկայում մի շարք անբուժելի գենետիկական հիվանդությունների դեղերի որոնումները։
Խոսքը բուժման մեթոդների մասին է, որոնք նպատակայնորեն կբարելավեն պացիենտի վիճակը՝ նրա տարիքի հետ մեկտեղ, վերջնական արդյունքում ապահովելով ավելի առողջ ծերություն՝ ավելի քիչ հիվանդություններով։
«Մենք ցանկանում ենք օգտագործել այս մեթոդը՝ սովորելու համար, թե ինչպես ստեղծել հիվանդությունների նկատմամբ դիմացկուն բջիջներ, որոնք կարող են փոխարինել վնասված հյուսվածքներին եւ օրգաններին, ինչպիսիք են լյարդը, սիրտը կամ նույնիսկ իմունային համակարգը»,- նշել է նախագծի առաջատար հետազոտողներից մեկը՝ Ջուլիանա Սեյլան, Քեմբրիջի MRC մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայից։
«Սինթետիկ մարդու գենոմ» վերնագրով նոր աշխատանքը կարող է կենսաբանությունը բարձրացնել նոր մակարդակի՝ թույլ տալով հետազոտողներին ոչ միայն կարդալ ԴՆԹ-ն, այլեւ վերստեղծել դրա հատվածները, իսկ ապագայում՝ գուցե ամբողջ մոլեկուլը։
Գիտնականների համար առաջին քայլը մարդու ԴՆԹ ավելի մեծ բեկորներ, այդ թվում՝ սինթետիկ քրոմոսոմներ ստեղծելու եղանակը սովորելն է։ Դրանք պարունակում են գեներ, որոնք վերահսկում են օրգանիզմի զարգացումը, հյուսվածքների վերականգնումը եւ ընդհանուր կենսական գործառույթները։
«Սովորելով զրոյից ԴՆԹ մոլեկուլ ստեղծել՝ մենք կկարողանանք ստուգել, թե ինչպես է իրականում գործում գենետիկական կոդը՝ հաստատելով կամ հերքելով գոյություն ունեցող գենետիկական տեսությունների մեծ մասը,- նշել է պրոֆեսորը,- քանի որ այսօր դա կարելի է անել միայն կենդանի օրգանիզմների գոյություն ունեցող ԴՆԹ շղթայում փոփոխություններ կատարելով»։
Նախագիծը կաշխատի բացառապես փորձանոթներում եւ Պետրիի գավաթներում. արհեստականորեն կյանք ստեղծելու փորձ չի լինի: Սակայն արդյունքում ստացված տեխնոլոգիան հետազոտողներին կտա աննախադեպ վերահսկողություն մարդու օրգանիզմի համակարգերի նկատմամբ:






