Բժշկական ախտորոշում ստանալը կարող է թեթևացնել տառապանքը նույնիսկ այն դեպքում, երբ դա բուժման չի հանգեցնում, պնդում են մասնագետները։ Ջեյմս Մեդիսոնի համալսարանի և Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի հոգեբույժներն այս երևույթն անվանում են «Ռումպելշտիլցխենի էֆեկտ», երբ խնդրի անվանումն ինքնին այն ավելի տանելի է դարձնում։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ անբացատրելի ախտանիշներով հիվանդներն իրենց ավելի լավ են զգացել, եթե բժիշկը նրանց հստակ ախտորոշում է տվել և դրական տրամադրվածություն ներշնչել, քան նրանք, ովքեր մնացել են առանց պատասխանի։ Զարմանալի է, բայց բարելավումներ են նկատվել նույնիսկ առանց հետագա բուժման։ Փորձագետները կարծում են, որ «հիվանդությունն անվանելու» փաստն ինքնին վերացնում է անորոշության մի մասը և, հետևաբար, նվազեցնում տառապանքը։

Սոցցանցերն ուժեղացրել են այս միտումը. ավելի ու ավելի շատ մարդիկ են հակված ինքնաախտորոշման, հատկապես այնպիսի վիճակների դեպքում, ինչպիսին է Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈւՊՀՀ)։

Գիտնականները նշում են, որ ախտորոշման մասսայականացումը կարող է բացատրվել ոչ միայն իրազեկվածության բարձրացմամբ, այլև հենց «պիտակի» թերապևտիկ ուժով։

BJ Psych Bulletin-ի հոդվածում հետազոտողները պարզաբանել են, որ ախտորոշումը ոչ միայն բժշկական սահմանում է, այլև սոցիալական գործիք։ Այն օգնում է իմաստավորել տառապանքը, բժիշկների հետ շփման համար ընդհանուր լեզու ստեղծել և աջակցող համայնք գտնել։ Ամենից հաճախ ախտորոշումը «հույս և վստահություն» է բերում, բայց երբեմն այն կարող է սպառնալ ինքնությանը և ուժեղացնել խարանը։

Ընդ որում, մասնագետները նախազգուշացնում են. համացանցում ինքնաախտորոշումը ռիսկային է։ Ըստ գնահատականների, Մեծ Բրիտանիայում մեծահասակների միայն մոտ 5%-ն է համապատասխանում ՈւՊՀՀ չափանիշներին, թեև մարդկանց մեկ քառորդն իր մոտ կասկածում է այս ախտորոշումը։ Սխալը կարող է հանգեցնել նրան, որ տագնապային խանգարումները կամ դեպրեսիան աննկատ մնան։

Հոգեբաններն ընդգծում են, որ հոգեկան առողջության քննարկումը կարևոր է, սակայն վերջնական ախտորոշումը պետք է դնի մասնագետը։