Բժիշկները զգուշացնում են, որ սոցիալական ցանցերում ոչ արժանահավատ տեղեկատվության հոսքը հանգեցնում է նրան, որ տղամարդիկ NHS կլինիկաներ են դիմում թեստոստերոնային թերապիայի համար, որի կարիքը չունեն՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով առանց այդ էլ գերծանրաբեռնված առողջապահական համակարգի վրա, գրում է The Guardian-ը։
Թեստոստերոնի փոխարինող թերապիան (TRT) նախատեսված է միայն հորմոնի կլինիկորեն հաստատված դեֆիցիտ ունեցող տղամարդկանց համար, որն ախտորոշվում է ըստ ախտանիշների և կրկնակի արյան անալիզների:
Սակայն TikTok-ի և Instagram-ի վիրուսային տեսանյութերը սկսում են արյան անալիզը ներկայացնել որպես թեստոստերոն ստանալու միջոց՝ որպես «կենսական հավելում», գովազդելով հորմոնը որպես ցածր էներգիայի, կենտրոնացման և սեռական ցանկության հետ կապված խնդիրների լուծում:
Բժիշկները զգուշացնում են, որ թեստոստերոնի անհիմն օգտագործումը ճնշում է հորմոնների բնական արտադրությունը, կարող է անպտղություն, արյան մակարդուկներ, սիրտ-անոթային խնդիրներ և տրամադրության խանգարումներ առաջացնել։
Նմանատիպ ծառայությունների հանրաճանաչությունը համացանցում այնքան մեծ է, որ այն արդեն արտացոլվում է կլինիկաներում։ Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Չաննա Ջայասենան նշում է, որ մասնագետները բախվում են աճող թվով տղամարդկանց հետ, ովքեր սոցցանցերում գովազդվող մասնավոր արյան անալիզներից հետո սխալմամբ խորհուրդներ են ստանում՝ սկսելու թեստոստերոնային թերապիա:
Դեղատոմսով դեղերի գովազդը Մեծ Բրիտանիայում արգելված է, սակայն որոշ ինֆլյուենսերներ համագործակցում են մասնավոր կլինիկաների հետ՝ առաջարկելով զեղչեր և անվճար թեստեր՝ տղամարդկանց դրդելով ստուգել թեստոստերոնի մակարդակը և հավանաբար թերապիա ստանալ: Նման ծրագրերի արժեքը կազմում է մոտ 1800-2200 ֆունտ ստերլինգ առաջին տարվա համար և ներառում է դեղորայք, հսկողություն և խորհրդատվություն:
Թեստոստերոնային թերապիան, որը նախկինում նախատեսված էր միայն ախտորոշված դեֆիցիտ ունեցող հիվանդների փոքր թվի համար, այժմ ավելի ու ավելի է ներկայացվում որպես «արդյունավետության օպտիմալացման» կամ կենսակերպի գործիք, որը հասանելի է առցանց կլինիկաների և տնային անալիզների միջոցով՝ շրջանցելով առողջապահության ավանդական համակարգը: