Ամերիկյան քնի բժշկության ակադեմիայի (AASM) վերջերս անցկացված հարցումը մտահոգիչ պատկեր է ներկայացնում. մեծահասակների 72%-ը նշում է, որ ցերեկային քնկոտությունը՝ «երբեմն», «հաճախ» կամ «մշտապես», խանգարում է իրենց առօրյա կյանքին, հաղորդում է «Health Day»-ը։

Այս տվյալների համաձայն, քնկոտությունն ազդում է ոչ միայն ինքնազգացողության վրա. հարցվածների տասից վեցը հայտարարել է, որ այն ազդում է իրենց տրամադրության վրա, կեսից ավելին՝ որ ուժեղանում է սթրեսի և անհանգստության մակարդակը, իսկ գրեթե կեսըն ասել է, որ նվազում է աշխատանքի արդյունավետությունը։

Հարցումը նաև զգալի տարբերություններ է բացահայտել ըստ սեռի և տարիքի։ Կանայք (36%) ավելի շատ են ասել, քան տղամարդիկ (25%), որ քնկոտությունը խանգարում է իրենց տնային գործերին։

Տարիքային խմբերի շրջանում ցերեկային հոգնածության նկատմամբ ամենաշատը հակված են 25-ից 34 (30%) և 35-ից 44 (31%) տարեկանները. նրանք ամենից հաճախ ասում են, որ քնկոտությունը ազդում է սիրելիների հետ իրենց հարաբերությունների վրա։

Այս զգացողության դեմ պայքարելու համար շատերը դիմում են «արագ լուծումների». 56%-ը խմում է սուրճ կամ այլ կոֆեին պարունակող ըմպելիքներ, իսկ 46%-ը կարճ ժամանակով է քնում։

Սակայն փորձագետները զգուշացնում են, որ մշտական քնկոտությունը կարող է տագնապալի նշան լինել, այլ ոչ թե պարզապես քնի պակասի հետևանք։ Այն կարող է ազդարարել քնի խանգարումների, քրոնիկ հիվանդությունների, դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների կամ հոգեբանական խնդիրների մասին։

Այն չի կարելի անտեսել. AASM-ի նախկին նախագահ, բժիշկ Էրիկ Օլսոնի խոսքով՝ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ կյանքի որակի, տրամադրության և անվտանգության վրա։

Ակադեմիան հիշեցնում է մեծահասակներին, որ նրանք պետք է քնեն գիշերը միջինում առնվազն յոթ ժամ և եթե նրանք ցերեկային ժամերին չափազանց քնկոտության նշաններ են ունենում, ապա պետք է դիմեն բժշկի կամ քնի մասնագետի։