Հետազոտողներն ակտիվորեն ուսումնասիրում են սմարթֆոնների գիշերային ակտիվության ազդեցությունը հոգեկան առողջության վրա, հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր ինքնասպանական մտքեր են ունեցել։ Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, գիտնականները հետեւել են 79 մեծահասակների, որոնք վերջերս տեղեկացրել էին ինքնասպանական մտքերի մասին։ 28 օրվա ընթացքում նրանց սմարթֆոններն ավտոմատ կերպով սքրինշոթեր են արել յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ, հավաքվել է ավելի քան 7,5 մլն պատկեր։ Դա թույլ է տվել ավելի ստույգ հասկանալ, թե ինչով են մարդիկ զբաղվել գիշերը. ակտիվորեն տպել կամ պասիվ կերպով թերթել են կոնտենտը։
Թիմը նաեւ մշտական հարցումներ է անցկացրել իրական ժամանակում (Ecological Momentary Assessment), որպեսզի հետեւի մասնակիցների հուզական վիճակին։
Վերլուծությունը ցույց է տվել, որ հեռախոսի գիշերային օգտագործման ժամանակը նշանակություն ունի։ Մարդիկ, ովքեր հեռախոսն ակտիվորեն օգտագործել են 23։00-ի և 01։00-ի միջակայքում, հաջորդ օրը ավելի հաճախ են ունեցել ավելի վառ արտահայտված ինքնասպանական մտքեր կամ նույնիսկ զբաղվել են պլանավորմամբ։ Բայց անսպասելի է եղել այն, որ ստեղնաշարի ակտիվ օգտագործումը 01։00-ի և 05։00-ի միջակայքում, ընդհակառակը, նվազեցրել է ռիսկը։ Դա կարող է մատնանշել այն մասին, որ ակտիվ փոխազդեցությունը (օրինակ՝ նամակագրությունը) երբեմն օգնում է մարդուն շփման մեջ պահել արտաքին աշխարհի հետ, ի տարբերություն պասիվ սքրոլինգի, որը նրան մենակ է թողնում տագնապալի մտքերի հետ։
Բացի այդ, ավելի երկարատեւ ընդմիջումները հեռախոսի օգտագործման հարցում՝ 7-9 ժամ, ինչը նշանակում է քնի նորմալ տեւողություն, կապված են եղել ինքնասպանական մտքերի ավելի ցածր մակարդակի հետ՝ 4-7 ժամ միջակայքի համեմատ։
Փորձագետներն ընդգծել են, որ հետեւությունները պետք է մեկնաբանել զգուշորեն. ընտրանքը մեծ չէ, հետազոտությունն իրականացվել է մեկ կենտրոնում, իսկ դեպրեսիա ունեցող մարդիկ հաճախ գերագնահատում են սեփական հեռախոսային ակտիվության երկարատեւությունը, ինչը կարող է ազդել տվյալների մեկնաբանման վրա։ Այնուամենայնիվ, հետազոտողների կարծիքով՝ բացահայտված արդյունքները կարող են օգտակար լինել ինքնասպանության կանխման ավելի ճշգրիտ ռազմավարությունների մշակման համար, որոնք հաշվի կառնեն ոչ միայն սմարթֆոնի գիշերային օգտագործման փաստը, այլեւ այդ ակտիվության բնույթը։






