Գիտնականները պարզել են, որ թոքերի հիմնական իմունային բջիջները, որոնք նախկինում համարվում էին «խաղաղապահներ», կարող են սրել ալերգիկ ռեակցիաները՝ զգալիորեն վատթարացնելով շնչուղիների բորբոքումը: Ալվեոլային մակրոֆագեր կոչվող այդ բջիջներն ապրում են թոքերի փոքրիկ օդային պարկերում և, սովորական հանգամանքներում օգնում են պահպանել օրգանի առողջությունը, խթանել նորմալ շնչառությունը և կանխել ավելորդ իմունային պատասխանները:

Բորբոքման  հետազոտությունների VIB-UGent կենտրոնի պրոֆեսորներ Բարտ Լամբրեխտի և Մարտին Գիլյամսի գլխավորած թիմի նոր հետազոտությունը պարզել է, որ ալերգիկ ռեակցիաների ժամանակ այդ մակրոֆագերը կարող են արմատապես փոխել իրենց վարքագիծը և անցնել բորբոքումն ակտիվացնող ռեժիմի:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Immunity բժշկագիտական հանդեսում:

Իմունային համակարգը հանգստացնելու փոխարեն, դրանք սկսում են ակտիվացնել այն՝ նպաստելով թոքերում բորբոքային պատասխանի աճին:

Օգտագործելով առաջադեմ մոդել մկների վրա, գիտնականները կարողացել են հետևել և մանիպուլյացնել այդ բջիջները: Ապացուցվել է, որ ալերգենների ազդեցության տակ ալվեոլային մակրոֆագերը սկսում են ազդանշաններ ուղարկել, որոնք այլ իմունային բջիջներ են գրավում դեպի թոքեր, ուժեղացնելով բորբոքումը և վատթարացնելով ալերգիկ ախտանիշները: Ուշագրավ է, որ այդ մակրոֆագերը ընդունակ են միաժամանակ միաձուլվելու միմյանց հետ՝ ձևավորելով հսկա բջիջներ, ինչը ալերգիայի ժամանակ փոխում է թոքային հյուսվածքի կառուցվածքը։

Ստացված արդյունքները կասկածի տակ են դնում ​​երկար ժամանակ տարածված այն պատկերացումը, թե մակրոֆագերը թոքերի կայուն, կոշտ «պահապաններ» են: Նոր տվյալները ենթադրում են, որ դրանք շատ ավելի ճկուն և զգայուն են իրենց շրջակա միջավայրի նկատմամբ, ընդունակ են պաշտպաններից վերածվել բորբոքման ակտիվ սադրիչների, երբ ենթարկվում են ալերգենների։

Այս հայտնագործությունը նշանակալի հետևանքներ ունի ալերգիկ թոքային հիվանդությունների, մասնավորապես՝ ասթմայի ըմբռնման համար: Շատ ժամանակակից բուժումներ թիրախավորում են իմունային բջիջների այլ տեսակներ կամ բորբոքման քիմիական միջնորդներ: Սակայն ալվեոլային մակրոֆագերի դերի նույնականացումը որպես ալերգիկ գործընթացի ակտիվ մասնակիցներ նոր ուղիներ է բացում թերապիաների մշակման համար. դրանք կարող են արգելակել կամ հետադարձելիորեն կանխել այս վնասակար «անջատիչը», նվազեցնելով բորբոքումը՝ միաժամանակ պահպանելով թոքերի հիմնական գործառույթը: