Գիտնականներն օգտագործել են առաջավոր ռոբոտացված համակարգ, որը կարող է սինթեզել հարյուրավոր մետաղական միացություններ՝ մշակելու համար պոտենցիալ հակաբիոտիկներ, նոր հույս ներշնչելով դեղերի հանդեպ կայուն վարակների դեմ պայքարի համար։
Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, գիտնականները մեկ շաբաթում սինթեզել են ավելի քան 700 բարդ մետաղական միացություններ։ Այս արագ ընտրությունը թույլ է տվել պարզել հեռանկարային հակաբիոտիկ իրիդիումի հիման վրա, որն սպանում է մանրէները՝ մնալով ոչ թունավոր մարդկային բջիջների համար։
Գոյություն ունեցող դեղամիջոցների հանդեպ մանրէների կայունության ավելացմանը զուգընթաց՝ աշխարհը բախվում է «դանդաղ համավարակի» հետ։ Ամեն տարի ավելի քան միլիոն մարդ մահանում է կանխվող վարակներից, որոնք կայուն են դեղերի հանդեպ։ Առանց նոր դեղամիջոցների սովորական միջամտությունները, ինչպիսին են հոդեր փոխելը, քիմիաթերապիան եւ օրգանների փոխպատվաստումը, կարող են դառնալ մահացու վտանգավոր անբուժելի վարակների պատճառով։
Ճգնաժամին «պատասխանելու» համար դոկտոր Անջելո Ֆրայի ղեկավարած թիմը Յորքի համալսարանի քիմիական ֆակուլտետից դիմել է բժշկության քիչ ուսումնասիրված ոլորտին՝ մետաղահամալիրներին։ Ի տարբերություն ժամանակակից «հարթ» ածխածնային հակաբիոտիկների՝ մետաղական համալիրներն ունեն եռաչափ կառուցվածք, ինչը թույլ է տալիս նրանց փոխգործակցել մանրէների հետ սկզբունքորեն այլ կերպ եւ հաղթահարել կայունության մեխանիզմները։
Ռոբոտացված պլատֆորմի եւ «click-քիմիայի» օգնությամբ, որը թույլ է տալիս արագ միացնել մոլեկուլյար բաղադրիչները, հետազոտողները համադրել են մոտ 200 տարբեր «լիգանդներ» հինգ մետաղներով։ Արդյունքը ավելի քան 700 նոր մետաղական համալիրների սինթեզն էր մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում, աշխատանք, որը ձեռքով կտեւեր ամիսներ։
Սինթեզից հետո բոլոր միացությունները ստուգել են հակաբակտերիալ ակտիվության եւ մարդու առողջ բջիջների համար թունավորության առումով։ Հայտնաբերվել են վեց պոտենցիալ առաջատար միացություններ, որոնց մեջ հատուկ ուշադրություն է գրավել իրիդիումի համալիրը։ Այն արդյունավետ էր մանրէների դեմ, ներառյալ այն շտամները, որոնք նման են մահացու վտանգավոր MRSA-ին՝ մարդու բջիջների համար ցածր թունավորության պայմաններում։
Գիտնականները հուսով են, որ այս մոտեցումը դեղագործական ընկերություններին եւ հետազոտողներին կդրդի նորից ուշադրություն դարձնել մետաղական համալիրներին։ Այժմ թիմն ուսումնասիրում է, թե ինչպես է իրիդիումի միացությունն սպանում մանրէները, եւ ընդլայնում է ռոբոտացված պլատֆորմը այլ մետաղների թեստավորման համար։






