Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարեց տղամարդկանց մեջքի ցավը կարող է տարիներ անց քնի խնդիրներ առաջացնել: Պարզվում է, որ ծերության շրջանում ոչ թե քնի խանգարումները, այլ մեջքի քրոնիկ անհարմարությունն է ավելի հաճախ ինքնազգացողության վատթարացման շղթա առաջացնում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Innovation in Aging ամսագրում:
65 տարեկանից բարձր տղամարդկանց մոտավորապես կեսը զգում է կա՛մ մեջքի ցավ, կա՛մ քնի խնդիրներ, կա՛մ երկուսն էլ: Սակայն, մինչ օրս պարզ չէր, թե նախ որն է առաջանում և ազդում մյուսի վրա:
Գիտնականները վերլուծել են Osteoporotic Fractures in Men Study մեծ ուսումնասիրության տվյալները, որին մասնակցել է 1055 տարեց տղամարդ: Բոլոր մասնակիցները ենթարկվել են քնի երկու կլինիկական գնահատման՝ առնվազն վեց տարի ընդմիջումով: Այս այցելությունների միջև ընկած ժամանակահատվածում նրանք չորս ամիսը մեկ փոստով լրացրել են իրենց մեջքի ցավի վերաբերյալ հարցաթերթիկներ՝ հայտնելով դրա հաճախականության և ինտենսիվության մասին:
Հետազոտողները գնահատել են քնի խանգարումները՝ օգտագործելով մի քանի պարամետրեր՝ անկանոն քնի ռեժիմ, քնի անբավարար տևողություն, ցերեկային քնկոտություն և սուբյեկտիվ գոհունակություն քնի որակից: Այնուհետև նրանք ուսումնասիրության սկզբնական փուլում քնի ռեժիմը համեմատել են վեց տարի անց մեջքի ցավի ծանրության հետ և հակառակը:
Արդյունքները հստակ էին. մեջքի ցավը կանխատեսում էր քնի խնդիրների աճ մի քանի տարվա ընթացքում, մինչդեռ վատ քունը չի մեծացրել ապագա ցավի ռիսկը: Գիտնականների հաշվարկներով՝ մեջքի ցավը կապված էր քնի խանգարումների ծանրության 12-25% աճի հետ՝ վեց տարի անց:
Ավելին, մեջքի ցավ ունեցող տղամարդիկ ավելի հակված էին քնելու կա՛մ շատ վաղ, կա՛մ շատ ուշ և դժգոհ էին քնի որակից:
Հեղինակները շեշտել են, որ ուսումնասիրությունն անցկացվել է միայն տղամարդկանց շրջանում, և անհրաժեշտ է հետագա հետազոտություն՝ պարզելու համար, թե արդյոք այս օրինաչափությունը ճիշտ է կանանց և էթնիկ այլ խմբերի համար, որոնք թերի էին ներկայացված այս անգամ: Այնուամենայնիվ, գիտնականների կարծիքով, անկախ սեռից կամ ծագումից, մեջքի ցավ ունեցող մարդիկ պետք է քննարկեն բուժման տարբերակներն իրենց բժշկի հետ՝ սկսած վարժությունների թերապիայից մինչև ֆիզիկական թերապիա:
«Այժմ, երբ պարզ է, որ մեջքի ցավը նախորդում է քնի խնդիրներին, պարզ է դառնում, որ ծերության շրջանում ցավի ճիշտ կառավարումը և շարժունակության պահպանումը կարող են լինել որակյալ քնի և ընդհանուր առողջության պահպանման բանալին»,- եզրակացրել են հետազոտողները:






