Մահացել է ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, քաղցկեղի գենետիկական բնույթը բացահայտած Ջոն Բիշոփը։ Նա կյանքից հեռացել է Սան Ֆրանցիսկոյում՝ 91 տարեկան հասակում։ Մահվան պատճառը եղել է թոքաբորբը, ինչի մասին հետազոտողի ընտանիքը հայտնել է The New York Times թերթին։

Բիշոփը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել 1989 թվականին՝ ուռուցքաբանության բնագավառում կատարած հեղափոխական հայտնագործության համար։ Գործընկերոջ՝ Հարոլդ Վարմուսի հետ միասին նա ապացուցել է, որ քաղցկեղ առաջացնող գեները սկզբնապես առկա են օրգանիզմի առողջ բջիջներում։ Մինչ նրանց հետազոտությունը համարվում էր, որ այդ գեները օրգանիզմ են թափանցում վիրուսների միջոցով։

Բիշոփի և Վարմուսի աշխատանքը, որը հիմնված է եղել հավերի սարկոմայի վիրուսի ուսումնասիրության վրա, հանգեցրել է մարդու օրգանիզմում տասնյակ նմանատիպ գեների բացահայտմանը։ Այս հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին վերակողմնորոշել քաղցկեղի հետազոտությունները՝ ուղղելով դրանք նորմալ գեների՝ օնկոգեների վերափոխման կանխարգելման ուղիների որոնմանը։

Իր գործունեության ընթացքում Բիշոփն արժանացել է նաև Ալբերտ Լասկերի մրցանակին և մի շարք այլ հեղինակավոր պարգևների։ 1998-ից 2009 թվականներին նա զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) ռեկտորի պաշտոնը։