Cancer Research UK-ի փորձագետները ուշադրություն են հրավիրել գիշերային երկու ախտանիշների վրա, որոնք չպետք է անտեսել։ Այս մասին հայտնում է Surrey Live-ը։
Խոսքը քրոնիկ անքնության և արտահայտված գիշերային քրտնարտադրության մասին է, որոնք պարբերաբար խաթարում են քունը։ Մասնագետների խոսքով՝ նման դրսևորումները մի շարք դեպքերում կարող են կապված լինել ուռուցքային հիվանդությունների հետ, սակայն դրանք միշտ չէ, որ հենց քաղցկեղի նշան են. հնարավոր պատճառների թվում են նաև սթրեսը, վարակները, դեղամիջոցների ընդունումը կամ հորմոնալ փոփոխությունները։
Բժիշկներն ընդգծում են, որ եթե ախտանիշները հայտնվում են հանկարծակի կամ դառնում են ավելի ինտենսիվ, կարևոր է դիմել բժշկական օգնության։ Հատուկ զգուշավորություն պետք է ցուցաբերել, եթե ուժեղ գիշերային քրտնարտադրությունն ուղեկցվում է առանց ակնհայտ պատճառի ջերմության բարձրացմամբ, ցավով կամ սրտխառնոցով։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել ինքնազգացողության փոփոխությունների նկատմամբ և հաշվի առնել, թե ինչն է հանդիսանում անհատական նորմա։






