Նորթվելի քաղցկեղի ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ օգտագործել են կրկնակի իմունաթերապիայի նոր սխեմա՝ 26-ամյա բուժառուի հաստ աղիքի քաղցկեղի ապաքինման համար, որի արդյունքում ուռուցքը անհետացել է, հաղորդում է Good Morning America (GMA) հանդեսը։
Բուժառու Մրինալի Դհամբլային ախտորոշել էին 3 ուղիղ աղիքի -րդ փուլի քաղցկեղ՝ ողնաշարի մետաստազներով։ Ախտորոշումից առաջ նա մի քանի ամիս տառապել է մեջքի ուժեղ ցավից և մշտական հոգնածությունից։
Գենետիկական թեստավորումը ցույց է տվել, որ հիվանդությունը կապված է Լինչի համախտանիշի հետ. ժառանգական հիվանդություն, որը երիտասարդ տարիքում մեծացնում է ուղիղ աղիքի և մի քանի այլ քաղցկեղների զարգացման ռիսկը։
Բժիշկները որոշել են կրկնակի իմունաթերապիայի նոր սխեմա կիրառել՝ բուժման մեթոդ, որի դեպքում դեղամիջոցները խթանում են իմունային համակարգը՝ ճանաչելու և ոչնչացնելու քաղցկեղի բջիջները։ Այդ մեթոդը համեմատաբար սահմանափակ է ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում։ Այն ամենից հաճախ նշանակվում է ուռուցքներում երկու տեսակի մուտացիաներ (MSI-H և dMMR) ունեցող բուժառուներին։
Մասնագետների գնահատմամբ՝ Լինչի համախտանիշով բուժառուները առանձնապես լավ են արձագանքում այդ մոտեցմանը, քանի որ նրանց ուռուցքները մեծ քանակությամբ մուտացիաներ են պարունակում, ինչը դրանք ավելի հայտնաբերելի է դարձնում իմունային համակարգի համար։
Ի տարբերություն ավանդական բուժումների, իմունաթերապիան ակտիվացնում է օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմները և հաճախ ունենում է ավելի երկարատև ազդեցություն։ Գիտնականների համոզմամբ՝ կրկնությունները չափազանց հազվադեպ են այն բուժառուդների շրջանում, որոնց ուռուցքները լիովին անհետանում են այդ բուժումից հետո։
Նոր մեթոդի շնորհիվ Դհամբլան կարողացել է խուսափել քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսերից։ Բուժման մի քանի ամիսներից հետո հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղի նշաններն այլևս չեն հայտնաբերվել։
Բուժառուի պատմությունը նաև ուշադրություն է հրավիրել երիտասարդների շրջանում ուղիղ աղիքի քաղցկեղի աճող դեպքերի վրա։ Ամերիկյան քաղցկեղի ընկերության տվյալներով՝ 1990-ական թվականներից ի վեր 50 տարեկանից փոքր մարդկանց շրջանում ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքերն աստիճանաբար աճում են։






