Շաքարային դիաբետի դեպքում լայնորեն կիրառվող մետֆորմինն ի վիճակի է մեղմել շագանակագեղձի քաղցկեղի հորմոնալ թերապիայի կողմնակի ազդեցությունները: Նման եզրակացության են հանգել Մայամիի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են EMBO Molecular Medicine բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները պարզել են, որ դեղամիջոցը բարձրացնում է Lac-Phe մոլեկուլի մակարդակը, որը սովորաբար արտադրվում է օրգանիզմում ինտենսիվ ֆիզիկական վարժություններից հետո և մասնակցում է էներգիայի նյութափոխանակության, ախորժակի և մարմնի զանգվածի կարգավորմանը: Հատկանշական է, որ այդ ազդեցությունը նկատվել է նույնիսկ այն բուժառուների շրջանում, որոնք սպորտով չեն զբաղվում:

Դա առանձնապես կարևոր է հորմոնալ թերապիա անցնող տղամարդկանց համար. թերապիան հաճախ ուղեկցվում է ուժեղ հոգնածությամբ, քաշի ավելացմամբ և նյութափոխանակության խանգարումներով, ինչը չափազանց դժվարացնում է ֆիզիկական ակտիվության պահպանումը: Մետֆորմինն ի վիճակի է մասամբ վերարտադրել վարժությունների նյութափոխանակության ազդեցությունները՝ օգնելով պահպանել էներգետիկ հավասարակշռությունը և նվազեցնել բուժման բացասական ազդեցությունները:

Հեղինակներն ընդգծում են, որ դեղամիջոցը վարժություններին չի փոխարինում և ուղղակիորեն չի ազդում ուռուցքի վրա, սակայն կարող է բարելավել թերապիայի հանդուրժողականությունը և բուժառուների կյանքի որակը: Հետագայում հետազոտողները ծրագրում են ավելի խորությամբ ուսումնասիրել Lac-Phe մոլեկուլի դերը և մետֆորմինի ներուժը իբրև օժանդակ թերապիա ուռուցքաբանության մեջ։