Յոթնամյա պատահականացված կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ աորտալ փականի տրանսկաթետերային փոխարինումը (TAVR)՝ նվազագույն ինվազիվ միջամտությունը, ապահովում է երկարաժամկետ արդյունքներ, որոնք համադրելի են ցածր վիրահատական ռիսկ ունեցող բուժառուների բաց սրտի ավանդական վիրահատության արդյունքների հետ:

JAMA Cardiology բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ բուժման երկու եղանակներն էլ ցուցաբերում են բարձր արդյունավետություն, փականների երկարակեցություն և բարդությունների ցածր մակարդակ:

Սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են տարածվել ամբողջ աշխարհում. ավելի քան 28 միլիոն մարդ ապրում է սրտի փականների հիվանդություններով: Միայն ԱՄՆ-ում տարեկան կատարվում է սրտի փականների փոխարինման շուրջ 106 հազար վիրահատություն։

Քանի որ TAVR եղանակն ավելի ու ավելի հաճախ է կիրառվում առավել երիտասարդ և հարաբերականորեն առողջ բուժառուների շրջանում, գիտնականներն ուսումնասիրում են՝ արդյոք այն ընդունա՞կ է ավանդական վիրաբուժության պես նույնպիսի երկարաժամկետ արդյունքներ ապահովել:

PARTNER 3 հետազոտության շրջանակում գիտնականները հետևել են բարդությունների ցածր ռիսկ ունեցող բուժառուներին TAVR-ի կամ աորտալ փականի վիրաբուժական փոխարինման իրականացումից հետո յոթ տարվա ընթացքում: Պարզվել է, որ երկու խմբերն էլ ունեցել են գրեթե միատեսակ լավ արդյունքներ. փականների մաշվածության, դրանց խափանման և կրկնակի միջամտությունների անհրաժեշտության դեպքերը հազվադեպ են եղել:

Սակայն հայտնաբերվել է մեկ կարևոր տարբերություն. փականի վրա թրոմբների առաջացումն ավելի հաճախ է հանդիպել TAVR-ից հետո: Փականի թրոմբոզ է գրանցվել նվազագույն ինվազիվ միջամտություն անցած բուժառուների 5,2%-ի շրջանում՝ բաց վիրահատություն տարած բուժառուների 0,9%-ի համեմատ:

Ինչպես է կատարվում սրտի փականի փոխարինումը

Սիրտը գործում է պոմպի պես, որն ապահովում է արյան շարժումը միայն մեկ ուղղությամբ: Փականները բացվում և փակվում են՝ կախված սրտի ներսում առկա ճնշումից՝ արյանը հնարավորություն տալով առաջ շարժվել և կանխելով դրա հետհոսքը:

Փականների աշխատանքի հիմնական խանգարումները լինում են երկու տեսակի.

Ռեգուրգիտացիա՝ փականը լիովին չի փակվում, ինչի հետևանքով արյունը մասնակիորեն վերադառնում է հետ՝ մեծացնելով սրտի ծանրաբեռնվածությունը:

Ստենոզ՝ փականի բացվածքը նեղանում է կամ դառնում է կոշտ՝ սահմանափակելով արյան հոսքը և սրտին ստիպելով ավելի ինտենսիվ աշխատել:

Կախված հիվանդության ծանրությունից՝ բժիշկները կարող են նշանակել դեղորայքային բուժում, փականի վերականգնում կամ դրա փոխարինում:

Աորտալ ստենոզը սրտի փականների ամենատարածված հիվանդություններից մեկն է: Սովորաբար այն բուժում են կամ աորտալ փականի վիրաբուժական փոխարինմամբ (SAVR)՝ բաց սրտի վիրահատության միջոցով, կամ TAVR եղանակով, որը կատարվում է կաթետերի միջոցով և նվազագույն վնասվածքային է:

Թեև կենսաբանական վիրաբուժական փականները նախատեսված են մոտ 10 տարվա կամ ավելի երկար ժամկետի համար, դրանցից որոշները կարող են ավելի արագ մաշվել: Ընդ որում, հինգ տարուց անդին TAVR փականների երկարակեցության վերաբերյալ տվյալները, հատկապես ցածր ռիսկային բուժառուների շրջանում, մինչ այժմ բավարար չէին:

TAVR-ն ընդդեմ բաց վիրահատության. արդյունքները յոթ տարի անց

Հետազոտությանը մասնակցել է բարդությունների ցածր ռիսկ ունեցող 1000 բուժառու, ովքեր կարող էին անվտանգ կերպով տանել բաց սրտի վիրահատություն: Նրանց պատահականության սկզբունքով բաժանել են երկու խմբի. Առաջին խմբին տեղադրվել է SAPIEN 3 փական՝ TAVR եղանակով, երկրորդ խմբին կատարվել է փականի ավանդական վիրաբուժական փոխարինում:

Բուժառուներին հետևել են յոթ տարի՝ կանոնավոր կերպով իրականացնելով էխոկարդիոգրաֆիկ հետազոտություններ:

Գիտնականները ստացել են հետևյալ արդյունքները.

Փականի վիճակի զգալի վատթարացում է նկատվել TAVR-ից հետո բուժառուների 7,3%-ի և վիրաբուժական գործողությունից հետո՝ 7,6%-ի շրջանում:

Փականի խափանում (отказ) տեղի է ունեցել TAVR-ից հետո բուժառուների 6,9%-ի և վիրահատությունից հետո՝ 7,5%-ի մոտ:

Կրկնակի միջամտության կարիք է ունեցել TAVR-ից հետո բուժառուների 6%-ը և վիրաբուժական բուժումից հետո՝ 5,5%-ը:

Երկու խմբերի բուժառուների շրջանում 75%-ը յոթ տարի անց ողջ է մնացել լիովին գործող արհեստական փականով:

Հետազոտողների կարծիքով՝ արդյունքներն ամրապնդում են TAVR-ի դիրքերը՝ որպես լիարժեք երկարաժամկետ այլընտրանք բաց վիրահատությանը՝ խնամքով ընտրված ցածր ռիսկային բուժառուների համար: Ընդ որում, մասնագետներն ընդգծում են TAVR-ից հետո բուժառուների կանոնավոր հսկողության անհրաժեշտությունը՝ փականի թրոմբոզի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման համար: