Ուշագրավ դեպք է գրանցվել Չինաստանում. 94-ամյա կինը թմբիրից դուրս է եկել՝ մայրենի լեզուն՝ չինարենը մոռացած  եվ սկսել է միայն անգլերեն խոսել։ Ինչպես հաղորդում է ամերիկյան Foxnews.com կայքը, Լյու Ժիուն կոմայի մեջ (կոման կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որը բնորոշվում է գիտակցության կորստով եւ արտաքին գրգռիչների հանդեպ հակազդեցության բացակայությամբ) ընկել էր գլխուղեղի կաթվածի հետեւանքով, երկու շաբաթ առաջ։ Բժիշկները նույնիսկ հույս չեն ունեցել, որ ծեր կինը կապրի, բայց ի զարմանս նրանց՝ նա կյանքի նշաններ է ցույց տվել, արթնացել է եւ անգլերեն հարցրել՝ «Որտե՞ղ եմ ես։ Ի՞նչ է կատարվում»։ Լյուի հարազատները պատմել են, որ նա անգլերեն գիտեր, սակայն վերջին 30 տարվա ընթացքում չէր օգտագործել այդ լեզուն։ Բժիշկներին, սակայն, հատկապես զարմացրել է փաստը, որ չինուհին մոռացել է չինարենը եւ չի հասկացել չինարեն խոսքը։

«Ես առաջին անգամ եմ նման դեպքի ականատես լինում,- խոստովանել է նրա բժիշկը՝ Տաո Խոուն։ -Մենք կարծում ենք, որ վերականգնողական փուլն ու հանգիստը կօգնեն նրան վերհիշել մայրենի լեզուն։ Կարծում եմ, որ ուղեղի հատվածը, որը պատասխանատու է չինարենի իմացության համար վնասվել է, բայց ուղեղի բջիջները որոշ չափով կարող են վերականգնվել»։