Երեխաները, սովորաբար, չեն սիրում ուտել ձիթապտուղ կամ, օրինակ, բորբոսով պանիր: Մեծահասակներն էլ հաճախ մեծագույն հաճույքով են ուտում են այնպիսի մթերքներ, որոնցից փոքր տարիքում զզվում էին: Բրիտանական Butterkist ընկերության գիտնականներն ուսումնասիրել եւ պարզել են, թե որ տարիքից է մարդկանց սկսում դուր գալ ավելի սուր համ ու բուրմունք ունեցող մթերքներն ու ինչու: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ գիտնականները 1950 մարդու շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ հիմնականում 20-ից հետո են մարդիկ սկսում նախընտրել ավելի սուր համ ու բուրմունք ունեցող մթերքներ, ինչպես օրինակ՝ այծի պանիր, ավոկադո, կծու սոուսներ և այլն:
Մասնագետների խոսքով՝ պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ մարդու օրգանիզմում փոխվում են համի ընկալիչները: Երեխաները բնածին հակում ունեն քաղցրի հանդեպ, քանի որ մայրական կաթը հարուստ է շաքարով և ճարպերով: Բացի այդ, երեխաների բերանում մոտ 30 000 համի ընկալիչ կա, այդ պատճառով էլ նրանք բոլոր համերն ավելի սուր են զգում, քան մեծահասակները, որոնց բերանի ընկալիչների թիվը շատ ավելի քիչ է:
Ուսումնասիրողները նաեւ նշել են այն մթերքները, որոնք մադկանց հիմնականում դուր են գալիս 20 տարեկանից հետո:
Եվ այսպես, մարդիկ մանուկ հասակում և դեռահասության շրջանում մեծ մասամբ չեն սիրում ձուկ, «հասունացած» պանիր (պանրի այս տեսակը մարդիկ սկսում են հավանել 21-ից հետո): Սպանախն ու պղպեղը ևս սիրելի են դառնում 21-ից հետո: Մինչև չափահասության տարիքը մարդիկ հիմնականում խուսափում են կծու սոուսից, սխտորից, քարիից, թթու դրած վարունգից, լոբուց, բողկից: Մարդիկ իրենց սննդի օրաբաժնում ձիթապտուղ հաճույքով ներառում են հիմնականում 25 տարեկանում, իսկ ահա ոստրե՝ 24-ում: Մասնագետների խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ 20 տարեկանից հետո մարդկանց մեծ մասը հանգիստ օգտագործում է հնարավոր բոլոր համերով մթերքներ, եթե նույնիսկ դեռահասության շրջանում կամ մանուկ հասակում չեն սիրել դրանք:






