Կծու սնունդը, որը հարուստ է կապսաիցին կոչվող օգտակար նյութով, շատ կարեւոր է մեր առողջության համար, նշում են մասնագետները: Դիետոլոգ եւ մարզիչ Ջոեյ Գոչնուրի խոսքով՝ դուք դժվար թե գտնեք որեւէ մի հետազոտություն, որը պնդում է, որ կծու սնունդը վնասակար է: Ընդհակառակը՝ այն օգտակար է ոչ միայն կազմվածքի, այլ նաեւ սրտի համար: Կա նաեւ կարծիք, որ կծու սնունդը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ:

Կազմվածք

Չիլի բիբարը, մասնագետների խոսքով, կարող է օգնել նիհարել՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը եւ նվազեցնելով ճարպի քանակը: Լաբորատոր մկներին կապսաիցինով հարուստ յուղոտ սննդով կերակրած գիտնականները նկատել են, որ այս մկները ավելորդ քաշ չէին հավաքում՝ անկախ այն բանից, որ ճիշտ չէին սնվում: Դա տեղի էր ունենում տերմոգենեզի շնորհիվ (օրգանիզմի կողմից ջերմարտադրություն մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար), որը ակտիվանում է կծու սննդի ազդեցությամբ: Բացի այդ՝ ինչպես նշում են մասնագետները, կծու սնունդը ակտիվացնում է նաեւ նյութափոխանակությունը, ինչը նույնպես նպաստում է նիհարելուն:

Սիրտ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կծու սնունդը օգտակար է սրտի եւ անոթների համար, քանի որ նվազեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Կա նաեւ կարծիք, որ կապսաիցինը, որը պարունակվում է կծու սննդի մեջ, փոքրացնում է խոլեստերինային վահանիկների չափսը: Նշենք, որ այդ վահանիկները կարող են հանգեցնել գլխուղեղի կամ սրտի կաթվածի:

Քաղցկեղ

Քաղկցեղի ամերիկյան միության տվյալների համաձայն՝ կապսաիցինը օգնում է նաեւ պայքարել քաղցկեղի դեմ՝ մեղմացնելով հետվիրահատական ցավերը եւ օգնելով հաղթահարել քիմիաթերապիայից եւ ճառագայթային թերապիայից հետո բերանում ի հայտ եկող վերքերը: Բացի այդ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ նույնպես հնարավոր է պայքարել քաղցկեղի դեմ: