Եվրոպացի գիտնականները հաստատել են, որ օրական 2,5  եւ ավելի չափաբաժին ալկոհոլային խմիչքներ օգտագործող տղամարդիկ ավելի հակված են հետագա տասը տարիներին հիշողության կորստին, քան չափավոր խմողները եւ բացարձակապես չխմողները:

«Ալկոհոլի չարաշահումը վնաս է առողջությանը, դա հայտնի էր, այնպես որ արդյունքները անսպասելի չէին... Նորությունն այն էր, որ  դա նաեւ վնաս է ուղեղին, եւ արդյունքը տեսանելի կլինի արդեն 55 տարեկանում»,- ասել է հետազոտության ղեկավար Սեվերին Սաբիան: Սաբիան Լոնդոնի համալսարանի համաճարակաբանության եւ հանրային առողջության բաժնի  գիտական աշխատակից է: Հետազսոտությունը հրապարակվել է Neurology ամսագրում:

Նոր հետազոտությունում ուսումնասիրվել են միջին տարիքի ավելի քան  5000 տղամարդու եւ  2000 կնոջ տվյալները, հաղորդում է Newsmax Halth-ը:

Մասնակիցների կողմից ալկոհոլի օգտագործումը չափվել է 10 տարվա ընթացքում երեք անգամ,  հետո կատարվել է հիշողության եւ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ուշադրության ու դատողության հետ կապված կատարողական ֆունկցիաների առաջին թեստը: Այն իրականացվել է, երբ մասնակիցները միջինում 56  տարեկան են եղել:

Ոչ մի տարբերություն հիշողության եւ կատարողական ֆունկցիաների մեջ չի եղել այն տղամարդկանց միջեւ, ովքեր ալկոհոլ չեն խմում կամ խմում են չափավոր՝ երկու չափաբաժին գարեջուր, գինի կամ օղի: Շատ խմող տղամարդկանց մոտ մտավոր ունակությունների նվազումը տեղի է ունեցել 1,5 – 6 տարի ավելի շուտ, քան չխմողների մոտ։