Նիհարել ցանկացող մարդիկ, որոնք հաճախ են «դիետիկ» գազավորված ըմպելիքներ խմում, օրինակ, դիետիկ կոլա, համոզված են, որ այն կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից: Իսկ իրականում թվացյալ ցածր կալորիականություն ունեցող գազավորված ըմպելիքները միայն գիրացնում են, նշում են Թեքսասի համալսարանի մասնագետները:

Գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ դիետիկ գազավորված ըմպելիքների օգտագործումը, հակառակ սպասումների, նպաստում է ավելորդ կիլոգրամների ի հայտ գալուն: Գիտնականները ուսումնասիրել են եվրոպական եւ մեքսիկական ծագման 749 ամերիկացու կենսակերպը 9 տարիների ընթացքում եւ ուշադրություն դարձրել նրանց կողմից օգտագործվող գազավորված ըմպելիքի տեսակին եւ քանակին: Պարզվել է, որ օրական գոնե մեկ դիետիկ ըմպելիք օգտագործող մարդկանց գոտկատեղի շրջագիծը 7.5 սմ-ով գերազանցում էր դիետիկ ըմպելիքներ չօգտագործող մարդկանց գոտկատեղի շրջագիծը:

Ավելին՝ այն մարդկանց մոտ, ովքեր երբեք դիետիկ ըմպելիքներ չեն օգտագործել, գոտկատեղի ծավալը 9 տարիների ընթացքում աճել է ավելի քան 2.5 սմ-ով: Իսկ այն մարդիկ, ովքեր հայտնում են այդ ըմպելիքների հազվադեպ օգտագործման մասին (օրական 1 ըմպելիքից պակաս) 9 տարվա ընթացքում գոտկատեղի շրջագծի 5 սմ աճ են արձանագրել, այդ ըմպելիքներն ամեն օր օգտագործողների մոտ այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 7.5 սմ:

Հիշեցնենք, որ, գիտնականների խոսքով, գոտկատեղի հատվածում ներքին օրգանների շուրջ կուտակվող ճարպը, որը վիսցերալ ճարպ է կոչվում,  շատ վտանգավոր է առողջության համար: Այն կապված է բորբոքումների բարձր ռիսկի, մետաբոլիկ համախտանիշի, շաքարային դիաբետի, կաթվածի, ինսուլտի եւ քաղցկեղի առաջացման հետ: Այսպիսով, նիհարել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ցանկացած գազավորված ըմպելիքներից եւ օգտագործել միայն ջուր ու կանաչ թեյ առանց շաքարի: