Լիվերպուլի համալսարանի մասնագետները նոր դիետիկ ապուր են մշակել, որն ապահովում է հագեցվածության երկարատեւ զգացումն ու օգնում է նիհարել: Այդ ապուրի շնորհիվ կարելի է մոռանալ դիետիկ շոկոլադի եւ շատ այլ դիետիկ մթերքների մասին, որոնք, մեծ հաշվով, անօգուտ են նիհարել ցանկացողների համար:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, ապուրը պարունակում է բջջանյութի այնպիսի տեսակ, որի յուրացման համար օրգանիզմը ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչն էլ ապահովում է հագեցվածության երկարատեւ զգացումը:

Կամավորների վրա իրականացրած նախնական փորձարկումները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր ուտում էին այս ապուրը, շատ ավելի քիչ այլ մթերքներ էին օգտագործում: Հետազոտության ամբողջական արդյունքները դեռեւս հրապարակված չեն: Այս ապուրը Project Satin նախագծի մի մասն է, որի ֆինանսավորման համար ԵՄ-ը հատկացրել է 4,3 միլիոն ֆունտ:

Ապուրի հիմնական բաղադրիչը կայուն օսլան է, որը պարունակվում ոսպի ու լոբիի մեջ: Այն ձեւավորվում է նաեւ կարտոֆիլի, պաստայի ու բրինձի պես մթերքներում: Կայուն օսլա պարունակող մթերքները պետք է հայտնվեն խանութներում մոտակա տարիներին: Սպասվում է, որ, ապուրից բացի, վաճառքում կհայտնվի նաեւ հատուկ հաց, յոգուրտ, սմուզի, ինչպես նաեւ սոուսներ: