Կծու սննդի օգտագործումը, գոնե շաբաթական երեք անգամ, զգալիորեն կրճատում է քաղցկեղից ու սրտի հիվանդություններից վաղաժամ մահանալու ռիսկը: Նման եզրակացության է եկել ամերիկացի, բրիտանացի եւ չինացի գիտնականների խումբը:

Օքսֆորդի համալսարանի, Հարվարդի առողջապահական դպրոցի եւ Բժշկական գիտությունների չինական ակադեմիայի հետազոտողները հայտնաբերել են, որ շաբաթական 2-3 անգամ կծու ուտեստներ օգտագործողների շրջանում մահվան ռիսկը 14 տոկոսով ցածր է, քան նրանց մոտ, որոնք կծու են օգտագործում շաբաթական մեկ անգամ:

Ըստ գիտնականների, կծու ուտեստների օգտագործումն, առաջին հերթին, պաշտպանում է քաղցկեղից, սրտի հիվանդություններից եւ շնչառության հետ կապված խնդիրներից մահանալուց:

Կծու ուտեստները հիմնականում պարունակում են կապսաիցին, որը բարձրացնում է գիրացման, քաղցկեղի ու այլ հիվանդությունների դեմ օրգանիզմի դիմադրողականությունը: Սակայն անհայտ է, թե արդյոք դիտարկվող էֆեկտը կապված է այդ նյութի հետ:

Ընդհանուր առմամբ, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 30-79 տարեկան 487 000 չինացիների: Հետազոտության ընթացքում բոլոր կամավորները մանրամասն պատմել են իրենց սննդային նախընտրությունների եւ ընդհանուր ինքնազգացողության մասին: Նրանց հետեւել են 7 տարի շարունակ, եւ այդ ընթացքում 20 224 մարդ հեռացել է կյանքից: Մահացածների մեծ մասը համարյա չի օգտագործել կծու կերակուրներ: