Նախկինում համարվում էր, որ էժանագին ֆասթ-ֆուդով հիմնականում սնվում են անապահով ընտանիքների երեխաները, սակայն ԱՄՆ հիվանդությունների նախազգուշացման եւ վերահսկման կենտրոնի հետազոտությունը ցույց է տվել, որ հարուստ ընտանիքների երեխաները եւս ֆասթ-ֆուդ են ուտում:

Ցավոք, սխալ է տեսակետը, թե ապահովված ընտանիքներում ավելի շատ են մտահոգվում ճիշտ սնվելու մասին, քանի որ նրանք ավելի շատ միջոցներ ունեն առողջ սնունդ գնելու համար:

Վերընշված կենտրոնի հետազոտողները հետեւել են մոտ 5 հազար մարդու եւ պարզել, որ ի հեճուկս տարածված կարծրատիպերի, աղքատ ընտանիքների երեխաներն իրենց օրական սննդակարգում ավելի քիչ կալորիա են ստանում ֆասթ-ֆուդից՝ ընդամենը 8 տոկոս: Միաժամանակ, հարուստ ընտանիքներում ապրող նրանց հասակակիցների մոտ այդ ցուցանիշը 11,5 տոկոս է:

Միջին դասի ընտանիքների երեխաները օրական ֆասթ-ֆուդից ստանում են 9,1 տոկոս կալորիա: Հետաքրքիր է, որ ամենահարուստ ընտանիքների երեխաները 2-11 տարեկանում բոլորից հաճախ են ֆասթ-ֆուդ օգտագործում: Նույնը վերաբերում է նաեւ դեռահասներին:

Գիտնականները նաեւ պարզել են, որ բոլոր երեխաների ու մեծահասակների մոտ 1/3-ը ԱՄՆ-ում ֆասթ-ֆուդ են օգտագործում ամեն օր, եւ այդ վիճակը պահպանվում է արդեն մի քանի տասնամյակ: Հենց դրանով էլ բացատրվում է գիրությամբ տառապողների մեծ քանակն այդ երկրում: