Մեզ անընդհատ ասում են, թե կարմիր միսը մեծացնում է աղիքների քաղցկեղի զարգացման վտանգը, եւ առողջապահության մասնագետները խորհուրդ են տալիս օրական 70 գրամ կարմիր մսից ավելի չուտել: Սակայն Ռոջեր Լեյչեստրը, որը աղիքների քաղցկեղի սկրինինգի լոնդոնյան ծրագրի տնօրենն է, պնդում է, թե սննդակարգում կարմիր մսի պակասը մեծացնում է անեմիայի զարգացման ռիսկը, իսկ քաղցկեղի ռիսկը մեծացնում է ոչ թե միսը, այլ շոկոլադը, որը լի է շաքարով եւ ճարպերով:
Մասնագետի խոսքով, հստակ ապացույցներ չկան առ այն, թե կարմիր միսն իրոք մեծացնում է աղիքների քաղցկեղի զարգացման վտանգը, իսկ շոկոլադն անհամեմատ ավելի վտանգավոր մթերք է թվում: Հարցն այն է, որ շոկոլադը լի է հագեցած ճարպերով ու շաքարով, բայց չգիտես ինչու, ոչ մի մասնագետ խորհուրդ չի տալիս սահմանափակել շոկոլադի օգտագործումը:
«Կարմիր միսն իմ սննդակարգի պարտադիր մասն է, ես շաբաթը 4-5 անգամ ուտում եմ այն», - նշել է բժիշկը:
Մսի վնասակարության մասին զրույցները մասնագետի խոսքով սկսվել են 70-ականներին, երբ մասնագետները նկատել են, որ Յոթերորդ օրվա Գալստականների մոտ աղիքի քաղցկեղի վտանգն անհամեմատ ավելի ցածր է, քան մյուսների մոտ: Սակայն չի կարելի պնդել, թե դա կապված է հենց նրա հետ, որ նրանք միս չեն օգտագործում, որովհետեւ Յոթերորդ օրվա Գալստականները նաեւ ալկոհոլ չեն օգտագործում եւ չեն ծխում, իսկ նրանցից շատերը խուսափում են նաեւ սուրճից, սուր սոուսներից ու համեմունքներից: Լրիվ հնարավոր է, որ աղիքի քաղցկեղի ցածր ռիսկը նրանց մոտ իրականում կապված է հենց ալկոհոլից եւ ծխելուց հրաժարվելու հետ, ոչ թե բուսակերության:
Աղիքի քաղցկեղի եւ կարմիր մսի միջեւ կապի որոշ կողմնակիցներ վկայակոչում են մինչ օրս շարունակվող EPIC հետազոտությունը, որի համաձայն, Հարավային եւ Հյուսիսային Եվրոպայի բնակիչների մոտ տարբեր են քաղցկեղի այդ տեսակի զարգացման վտանգները: Այդ հետազոտության հեղինակները դա կապում են մսի օգտագործման հաճախության հետ, սակայն բժիշկ Լեյչեստրի խոսքով, հետազոտության հեղինակները հաշվի չեն առնում, որ հարավցիներն ու հյուսիսցիները տարբեր ապրելակերպ ունեն եւ ընդհանրապես շատ տարբեր եղանակով են սնվում. մասնավորապես՝ հարավում ավելի շատ ձիթապտղի յուղ եւ ճարպոտ միս են գործածում, որոնք, ինչպես հայտնի է, պաշտպանում են քաղցկեղից:






