Տղամարդկանց սեռական կյանքի ակտիվությունը նվազում է այն բանից հետո, երբ նրանք առաջին անգամ հայր են դառնում: Սա պարզվել է Ֆիլիպիններում 400 երիտասարդների շրջանում կատարված հետազոտության արդյունքում:

Սեռական ակտիվության անկումը կապված է եղել տղամարդկանց տեստոստերոնի մակարդակի հետ, որը սովորաբար նվազում է այն բանից հետո, երբ տղամարդն ընտանիք է կազմում:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել՝ որքան ավելի է ընկնում տեստոստերոնի մակարդակը, այնքան նվազում է տղամարդկանց սեռական ակտիվությունը:

Մարդաբան Լի Գետլերը՝ Ինդիանայի Նոտր Դամի համալսարանից, տեղեկություններ է հավաքել 21-26 տարեկան տղամարդկանց առողջական վիճակի և կենսակերպի մասին և ֆիզիոլոգիական ու վարքագծի փոփոխություններ է նկատել այն բանից հետո, երբ նրանցից մի քանիսն ամուսնացել ու երեխա են ունեցել:

Ամուսնությունից հետո տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նվազել է, ընդ որում՝ ավելի շատ է անկում ապրել առաջնեկի ծննդից հետո: Հենց դրանից հետո էլ առաջացել է հարցը՝ կարո՞ղ է տեստոստերոնի անկումն ազդել տղամարդու սեռական կյանքի վրա:

«Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ տղամարդիկ, որոնք հոգ են տանում երեխաների համար, սեքսի փոխարեն տեստոստերոնի ցածր մակարդակ են ստանում: Ոչ, հարցն այս դեպքում երեխաների մասին հոգալը չէ»,- ասել է նա: Տղամարդկանց սեռական կյանքի փոփոխությունը կապված չի եղել այն ժամանակի և էներգիայի քանակի հետ, որը նրանք ծախսել են երեխաների մասին հոգալու վրա:

Գետլերն իր հետազոտության թեմայով զեկույցը ներկայացրել է Չիկագոյում՝ Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը:

Չնայած տեստոստերոնի առկայությունը հաճախ կապում են տղամարդկային լիբիդոյի հետ՝ քիչ ապացույցներ կան, որ այս երկու հասկացություններն այդչափ սերտորեն փոխկապակցված են, համենայն դեպս, հորմոնի մակարդակի նորմայի սահմաններում: Միայն հորմոնի չափազանց ցածր մակարդակը, հնարավոր է, խախտում է տղամարդկային լիբիդոն, ասել է Գետլերը:

Հորմոնի մակարդակը նորմալ ցուցանիշներին սկսել է վերադառնալ երեխայի ծննդից մեկ տարի հետո: