Լոլիկը ոչ միայն համեղ, այլեւ շատ օգտակար մթերք է: Այն ոչ միայն նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը, այլեւ, ինչպես պարզել են օքսֆորդի համալսարանի գիտնականները, օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: 

Լոլիկում լիկոպին է պարունակվում` նյութ, որը շատ օգտակար է սրտի եւ անոթների առողջության համար եւ նվազեցնում է մարդու մոտ ուղեղի եւ սրտի կաթվածի առաջացման ռիսկը: 

Վերոհիշյալ գիտնականների իրականացրած հետազոտության շրջանակում կամավորների խումբը երկու ամիս շարունակ ամեն օր լիկոպինի հիմքի վրա ստեղծված սննդային հավելում է ընդունել: Տվյալ նյութն իրենից ներկայացնում է կարոտինոիդային պիգմենտ, որը սինթեզվում է բույսերում եւ հանդես է գալիս որպես բոլոր կարոտինոիդների նախնի, այդ թվում նաեւ` А վիտամինի, եւ բույսը պաշտպանում է արեւի լույսից եւ թթվեցման գործընթացներից: Մարդու օրգանիզմ ընկնելով` այն դրսեւորում է հակաօքսիդանտի հատկանիշներ, ինչը շոշափելի ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա: 

Լիկոպինի երկամսյա կուրսից հետո փորձարկվողների արյունաստեղծ համակարգի վիճակում դրական փոփոխություններ են նկատվել : 

«Կամավորների արյունատար անոթների վիճակը բարելավվել է հետազոտության ընթացքում, արյունատար անոթները լայնացել են  53 տոկոսով», -նշել են աշխատանքի հեղինակները:

Մասնագետների խոսքով, անհրաժեշտ է հնարավորինս հաճախ լոլիկ կամ կեչուպ ուտել   (լոլիկից ոչ թե քիմիական փոխարինիչներից պատրաստված), օրգանիզմին լիկոպինի պահեստանյութ մատակարարելով: Կարելի է նաեւ ամեն օր մեկ բաժակ լոլիկի հյութ խմել: Հետաքրքիր է, որ տոմատի մածուկը եւ կեչուպը նույնիսկ ավելի օգտակար են, քան թարմ լոլիկը, որովհետեւ նրանց մեջ լիկոպինի խտությունն ավելի բարձր է: