Կանոնավոր կերպով սուրճ օգտագործող մարդիկ պակաս ենթակա են վաղաժամ մահվան ռիսկին, քան նրանք, որոնք ամբողջությամբ հրաժարվել են այդ ըմպելիքից: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում իրականացված հետազոտության հեղինակները:
Էրիկկա Լոֆթֆիլդն ու Ազգային ուռուցքաբանական ինստիտուտի իր գործընկերները հետազոտություն են իրականացրել, որին ավելի քան 90 000 մարդ է մասնակցել, որոնցից յուրաքանչյուրը հեղինակներին տեղեկացրել է իր սննդակարգի եւ սուրճ խմելու հաճախության մասին: Նրանցից ոչ մեկը քաղցկեղ կամ սիրտ-անոթային հիվանդություն չի ունեցել: Նրանց դիտարկումը շարունակվել է 1998-ից մինչեւ 2009-ը:
Հեղինակները վերլուծել են, թե քանի մարդ է մահացել դիտարկման ընթացքում եւ պարզել են, որ այդ ցուցանիշը նվազագույնն է եղել այն մարդկանց շրջանում, ովքեր օրական 4-5 բաժակ սուրճ էին խմում (նույն խմբի մեջ էին մտնում նաեւ նրանք, ովքեր առանց կոֆեինի սուրճ էին խմում): Վաղաժամ մահվան ռիսկը սրճասերների շրջանում զգալիորեն ավելի փոքր է, քան նրանց, ովքեր ընդհանրապես հրաժարվել են սուրճից:
Գիտնականները չեն պնդում, թե սուրճը երկարացնում է կյանքը, սակայն ենթադրում են, որ սուրճ օգտագործելը ինչ-որ եղանակով ազդում է սիրտ-անոթային համակարգի եւ օրգանիզմի բորբոքային գործընթացների վրա: Այլ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ օգտակար է միայն սեւ դառը սուրճը, որին կաթի սեր կամ շաքար ավելացնելն այն առողջության համար զգալիորեն պակաս արժեքավոր է դարձնում:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է American Journal of Epidemiology ամսագիրը:






