Սալմոնելլան, որը վտանգավոր մանրէ է եւ կարող է լուրջ բարդացումների հանգեցնել, կարող է մինչեւ 6 ամիս ապրել թխվածքաբլիթների եւ քրեքերների «չոր» միջավայրում: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի համալսարանի գիտնականները:
Ի սկզբանե հետազոտողների առաջ խնդիր էր դրված` ուսումնասիրել վերջերս հաճախացած սննդային վարակների բռնկումների պատճառները, որոնք կապված են չորս սննդամթերքի` թխվածքաբլիթների, քրեքերների, չորահացերի եւ այլնի օգտագործման հետ: Գիտնականները պարզել են, որ սալմոնելլայի իդեալական ապաստանը հենց թխվածքաբլիթն է, ընդ որում` խորիզով:
Կենսաբաններն իրենց փորձարկումներում օգտագործել են սալմոնելլայի հինգ սերոտիպ որոնք համարվում են սալմոնելլոզի բռնկումների պատճառ: Նրանք խորիզի չորս տարբեր տեսակում հետեւել են մանրէների ֆլորային. դրանք խորիզի այն տեսակներն են, որ գնահատված են թխվածքաբլիթ եւ քրեքերներ արտադրողների կողմից` պանրայինը, շոկոլադայինը, վանիլայինը եւ գետնանուշովը: Փորձարկումը ցույց է տվել, որ ամենից շատ մանրէներ են ապրում թխվածքաբլիթների շոկոլադային եւ գետնանուշե խորիզում:
«Սալմոնելլան այնտեղ ակտիվ կարող է մնալ մինչեւ վեց ամիս (182 օր), եւ գուցե նույնիսկ ավելի երկար», - ասել են գիտնականները:
Այժմ գիտնականները պատրաստվում են ստուգել բոլոր բաղադրիչները, որոնք օգտագործվում հրուշակեղենի պատրաստման ընթացքում, որպեսզի պարզեն, թե դրանցից որոնք են ավելի հաճախ կեղտոտվում մանրէներով:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Journal of Food Protection-ը:






