Օրգանական կաթն ու միսն իրենց կազմով տարբերվում են ոչ օրգանական մթերքներից ու առողջության համար օգտակար ավելի շատ օմեգա 3 ճարպաթթուներ են պարունակում: Այս մասին պատմում է հետազոտողների խումբը Newcastle University–ից:
Օրգանական են համարվում այն մթերքները, որոնք ստացվել են բնական ճանապարհով, առանց արհեստական բիոհավելումների, աճի հորմոնների, սինթեթիկ միջատասպանների ու հանքային պարարտանյութերի գործածման:
Գիտնականները՝ Կառլո Լեյֆերտի ղեկավարությամբ, վերլուծել են կաթի ուսումնասիրությանը նվիրված գրեթե 200 եւ մսի ուսումնասիրությանը նվիրված 67 հետազոտությունների արդյունքներ: Պարզվել է, որ օրգանական մթերքներում գրեթե կրկնակի շատ օմեգա 3 ճարպաթթու կա, քան ոչ օրգանականում:
Սննդակարգում օմեգա 3 ճարպաթթուների առկայությունը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, բարձրացնում իմունիտետը ու դրական ազդում գլխուղեղի աշխատանքի զարգացման վրա:
Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ օրգանական մսում ավելի քիչ են հագեցած ճարպերը, որոնք բացասական ազդեցություն ունեն առողջության վրա: Իսկ օրգանական կաթում մի քիչ ավելի շատ է երկաթի, վիտամին E-ի ու կարոտինոիդների պարունակությունը: Ճիշտ է, ոչ օրգանական կաթը, պարզվում է 74 տոկոսով շատ յոդ է պարունակում, քան օրգանականը: Սակայն դա չի կարելի միանշանակ առավելություն անվանել, ասում են գիտնականները, քանի որ այն երկրներում, որտեղ աղն ու մյուս մթերքները հարստացվում են յոդով, կաթի մեջ յոդի մեծ քանակությունը կարող է հանգեցնել օրգանիզմում այդ նյութի ավելցուկին ու հետեւաբար նաեւ՝ վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարումներին:






