Շատերը գիտեն, որ սննդակարգում շաքարի ավելցուկը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը, դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Սակայն քչերը գիտեն, թե շաքարն ինչ վտանգավոր է ուղեղի համար: Ավստրալիայից գիտնականները պնդում են, թե շաքարն ուղեղի համար նույնքան վտանգավոր է, որքան սթրեսը:

Հետազոտության շրջանակում գիտնականները լաբորատոր առնետներին երկու խմբի են բաժանել, առաջին խմբի առնետներն ինն օրվա ընթացքում աճել են սթրեսային պայմաններում, իսկ մնացածները` նորմալ պայմաններում: Առաջին խմբի կեսին կերակրել են սովորական սննդով, իսկ երկրորդ խմբի սննդում շաքարն է գերակայել: Սննդային նման բաշխում են կազմակերպել նաեւ երկրորդ խմբում, որն առանց սթրեսի էր աճում:

15 շաբաթ անց գիտնականներն ամփոփել են արդյունքները: Ինչպես հաղորդում է National Geographic-ը, քաղցրեղենով սնված եւ սթրեսի չենթարկված առնետների մոտ հիպպոկամպը փոփոխվել է ճիշտ այնպես, ինչպես մանկության ընթացքում ծանր օրեր ապրած եւ շաքար նույնիսկ չհամտեսած առնետների մոտ:  Հիպպոկամպն ամենից շատ փոփոխվել է «սթրես գումարած շաքար» խմբի առնետների մոտ, իսկ ամենից առողջ են եղել այն կենդանիները, որոնք աճել էին սովորական իրավիճակում եւ սովորական սննդակարգով, առանց շաքարի: 

Ուղեղի փոփոխություն ասելով` գիտնականները նկատի ունեն «սթրեսի հորմոնի»` կորտիզոլի արտազատումը: Դրա բարձր մակարդակի պարագայում նյարդային բջիջները սովորաբար սկսում են մահանալ, ինչը հանգեցնում է հիշողության եւ մտածողական գործառույթների խանգարումների: Պատահական չէ, որ մանկական տարիքում սթրեսը մեծացնում է ապագայում հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը: Պարզվում է, նման ազդեցություն ունի նաեւ շաքարի օգտագործումը:  

Գիտնականներն անհանգստացած են շաքարի այն քանակությամբ, որն օգտագործում են ժամանակակից երեխաները: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս հետեւել երեխաների սննդակարգին, հակառակ դեպքում ավելցուկը կարող է ուղեղի աշխատանքում անշրջելի հետեւանքների հանգեցնել: