Կալեի, սպանախի եւ երկաթով հարուստ այլ մթերքների հետ չի կարելի կանաչ թեյ խմել, զգուշացնում են Penn State University-ի գիտնականները: Հարցն այն է, որ երկաթը կանաչ թեյը զրկում է իր հակաօքսիդանտային հատկություններից:
«Երբ կանաչ թեյի հետ երկաթ պարունակող սննդամթերք եք ուտում, երկաթը կապում է թեյի կարեւորագույն բաղադրիչները: Արդյունքում թեյը կորցնում է իր հակաօքսիդանտային հատկանիշները», - ասել է բժիշկ Մատամ Վիջայ-Կումարը: «Այդ պատճառով ցանկալի է կանաչ թեյը երկաթով հարուստ սննդամթերքից առանձին խմել. այդպես ավելի օգտակար կլինի առողջության համար»:
Այդ ամենը պարզելու համար գիտնականներն աղիքների բորբոքային հիվանդություն (ԱԲՀ) ունեցող մկների վրա հետազոտություն են կատարել: ԱԲՀ-ն մարսողական տրակտի խրոնիկական բորբոքում է, որն ուղեկցվում է փորլուծությամբ, ստամոքսի ցավերով, հոգնածությամբ, քաշի կորստով եւ այլ ախտանիշներով, որոնց թվում է նաեւ երկաթի պակասը կամ անեմիան: ԱԲՀ-ով տառապող շատ հիվանդների երկաթի պարունակությամբ հավելումներ են նշանակում:
Կանաչ թեյն իր հերթին եւս օգտակար է ԱԲՀ-ով հիվանդների համար: Բայց պարզվել է, որ երբ թեյն օրգանիզմում է հայտնվել երկաթի հետ միաժամանակ, կորցրել է իր բոլոր օգտակար հակաօքսիդանտային հատկությունները:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է American Journal of Pathology ամսագիրը:






