Սրտի եւ անոթների հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների թիվն առնվազն կեռապատկվի մինչեւ 2060 թվական: Դա կամրապնդի սրտանոթային հիվանդությունների «առաջատար» դիրքը մահվան պատճառների մեջ, հայտնել են գիտնականները Հռոմում Եվրոպական սրտաբանական ընկերակցության կոնգրեսին:
«Սրտային անբավարարությունն ամբողջ մոլորակում ամենատարածված բժշկական խնդիրներից է, այն գնալով ավելի է դրսեւորվում մարդու ծերացմանը զուգահեռ: Դրա պատճառ կարող է դառնալ սրտի պսակաձեւ հիվանդությունը, հիպերտենզիան, ճարպակալումը, դիաբետը: Այդ բոլոր հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են տարեցների շրջանում, ինչն այն բանի պատճառ կդառնա, որ սրտային հիվանդություններով մարդկանց թիվը նկատելիորեն կաճի», — հայտնել է Ռագնար Դանիելսենը Ռեյկյավիկում Լանդսպիտալի համալսարանից (Իսլանդիա):
Դանիելսենն ու իր գործընկերները նման եզրակացության են հանգել` վերլուծելով Իսլանդիայի գրեթե վեց հազար տարեց բնակչի շրջանում սրտի եւ անոթների հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տվյալները, որոնք պատահական եղանակով ընտրվել էին տվյալների բազայից: Նրանց տարիքը տատանվել է 66-ից 98 տարեկանի սահմաններում, ինչը գիտնականներին թույլ է տվել գնահատել, թե ինչպես է տարիքի հետ փոխվում սրտանոթային համակարգի առողջությունը:
Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ նման խնդիրներից առավել հաճախ տառապում են տղամարդիկ, քան կանայք, ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտավորապես 4,8 տոկոսը սրտային անբավարարություն է ունեցել, իսկ իսլանդացի կանանց ընդամենը 2,8 տոկոսն է սրտի եւ անոթների աշխատանքի հետ կապված նման դժվարություններ ունեցել: Բացի այդ, սրտային անբավարարության ի հայտ գալու հաճախությունը տարիքի հետ աճել է. 69 տարեկան իսլանդացիների համար այն ընդամենը 1,9 տոկոս է կազմել, իսկ 80 տարեկանի նիշին հասնելուց հետո աճել է մինչեւ 6 տոկոս:
Այդ ամենը, զեկույցի հեղինակների խոսքով, այն մասին է վկայում, որ հարյուրամյակի միջամասում, երբ մոլորակի եւ հատկապես Եվրոպայի եւ բոլոր զարգացած երկրների բնակչությունը ծերանա, մեզ սրտային անբավարարության հետ կապված խնդիրների համաճարակ է սպասում, նման դեպքերի թիվն առնվազն կեռապատկվի մինչեւ 2060 թվական, իսկ մինչեւ 2040 թվականը կկրկնապատկվի: Դանիելսենը կարծում է, որ այդ ամենը ծանր սոցիալտնտեսական հետեւանքներ կունենա եւ կտրուկ կմեծացնի առողջապահական համակարգի վրա ընկած բեռը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր