41-ամյա Ջոդի Հագգերտը Մեծ Բրիտանիայից քիմիաթերապիայի 4 կուրս է անցել, որոնք քիչ էր մնում` սպանեին նրան: Հետագայում նա պարզել է, որ ինքն ընդհանրապես քիմիաթերապիայի կարիք չուներ:
Որոշ ժամանակ առաջ Ջոդիի մոտ աղիների ուռուցքի քիչ ագրեսիվ տեսակ էին հայտնաբերել` վաղ փուլում: Կինը չարորակ նորագոյացության վիրահատական հեռացում էր տարել, հետո նրան քիմիաթերապիայի չորս կուրս էին նշանակել: Այդ կուրսերը ստանալիս երկու անգամ կնոջ մոտ անաֆիլակտիկ շոկ էր զարգացել, որը սպառնացել էր նրա կյանքին:
Քիմիաթերապիայի հինգերորդ կուրսին սպասելիս Ջոդին որոշել էր ինտերնետում հետազոտել իր հիվանդության բուժման մեթոդները: Ի սարսափ իրեն, նա պարզել էր, որ աղիների քիչ ագրեսիվ ուռուցքի դեպքում քիմիաթերապիա անցկացնելու կարիք չկա: Վրդովված կինը դատի է տվել Hull and East Yorkshire Hospital հիվանդանոցին եւ բժշկական հաստատությունը համաձայնել է փոխհատուցում վճարել, որի չափերի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Կլինիկայի ղեկավարությունը խոստովանել է, որ հաստիքային ուռուցքաբանը բուժում նշանակելիս չի հետեւել հիվանդության տվյալ տարատեսակի բուժման բրիտանական եւ եվրոպական ընթացակարգերին: Միաժամանակ քիմիաթերապիայի անցկացումը հիվանդին ենթարկել է լիովին անիմաստ ռիսկի:
Հետաքննությունը ցույց է տվել, որ ուռուցքի տվյալ տեսակի դեպքում քիմիաթերապիան ընդհանրապես էական արդյունք չի տալիս: Կինը ծանրագույն բուժման մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ կողմնակի հետեւանքներ է տարել, նրա մազերն են թափվել, նրան տանջել է քաղցը եւ խրոնիկական հոգնածությունը, մշտական սրտխառնոցը եւ փսխոցը: Կինն այդ ամբողջ ընթացքում բազմաթիվ հակափսխոցային հաբեր, հակադեպրեսանտներ եւ ստերոիդներ է ընդունել: Եվ այժմ պարզվում է, որ այդ բոլոր տառապանքներն անիմաստ էին, որովհետեւ աղիների քիչ ագրեսիվ քաղցկեղը քիմիաթերապիայով ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր