• Latest news

Հայաստանում լրջորեն խախտվում է հիվանդների` բժշկական գաղտնիքի իրավունքը. մասնագետ

30 օգոստոսի, 2016  19:48

Հայաստանում մի շարք օրենքներ կան բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ, սակայն գործնականում այդ ոլորտում հիվանդների իրավունքները համատարած  կերպով խախտվում են:  Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է իրավաբան Վիոլետա Զոխունյանը  «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ից: 

Մասնագետը պատմել է խախտումների ամենալայնորեն տարածված դեպքերի մասին. 

• Հաճախ հնարավոր է լսել, թե ինչպես երկու բժիշկ, միջանցքով զբոսնելով, քննարկում են որեւէ հիվանդի: Դա, մասնագետի խոսքով, հիվանդի իրավունքների լուրջ խախտում է:  Բժիշկն իրավունք ունի հիվանդի վիճակն այլ բժիշկների հետ քննարկել միայն բժշկական կոնսիլիումի շրջանակում, բայց ոչ մի դեպքում` միջանցքում, որտեղ հիվանդի մասին անձնական, գաղտնի տեղեկությունները կիմանա ոչ միայն մյուս բժիշկը, այլեւ պատահական անցորդները:  

• Վերարտադրողական առողջության ոլորտում եւս հիվանդների իրավունքները հաճախ խախտվում են: Օրինակ, շատ կաբինետներում նստած են երկու գինեկոլոգ, որոնք միաժամանակ հիվանդների են ընդունում եւ նրանց հետ քննարկում են վերջիններիս խնդիրները: Ընդ որում, յուրաքանչյուր հիվանդը կարող է լսել եւ իմանալ մյուսի խնդիրների մասին: 

• Հաճախ պատահում են նաեւ դեպքեր, երբ հիվանդանոցի միջանցքում հնարավոր է լսել, թե ինչպես է բժիշկը գործընկերներից որեւէ մեկին խնդրում կանչել   «ՄԻԱՎ-ով այն վարակվածին» կամ «հեպատիտով այն տղային»:

• Հայաստանում լրջորեն խախտվում են նաեւ ուռուցքային հիվանդների իրավունքները: Այստեղ շատ հաճախ հիվանդի ախտորոշման մասին հայտնում են նրա ազգականները (որոնք խնդրում են իրեն` հիվանդին ոչինչ չասել), արդյունքում հիվանդության մասին իմանում են շատ ուրիշ մարդիկ, բայց ոչ ինքը` հիվանդը: Մինչդեռ, օրենքի համաձայն, միայն հիվանդը պետք է իմանա իր ախտորոշումը: Ավելին, նա իրավունք ունի որոշել, թե ինչպես տնօրինի իր կյանքը եւ անավարտ գործերը, այդ պատճառով սխալ եւ անօրինական է նրանից թաքցնել իր ախտորոշումը: 

• Հիվանդների բժշկական փաստաթղթերը, որոնք բաց դրված են հիվանդի սեղանին, եւս խախտում են հիվանդների  իրավունքները եւ խորհրդատվության գաղտնիությունը:  

• Հաճախ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվում այն մասին, որ ինչ-որ մարդ այսինչ հիվանդանոցում պառկած է այսինչ ախտորոշմամբ:  Այդ մարդու անունը եւս նշվում է:  Անկախ այն բանից, թե նա ով է եւ ինչ ախտորոշմամբ է պառկած    (գուցե վթարից է տուժել, գուցե վիրավորվել է զանգվածային ծեծկռտուքի ընթացքում), եթե նա համաձայնություն չի տվել իր վերաբերյալ տվյալների հրապարակմանը, իր եւ իր առողջական վիճակի մասին ԶԼՄ-ներում հրապարակվող ցանկացած տեղեկությունը նրա իրավունքների խախտում է: 

Մեկ այլ խնդիրն այն է, որ չնայած օրենսդրական մակարդակում ամեն ինչ, առաջին հայացքից, այնքան էլ վատ չէ, հիվանդներն իրենց պաշտպանելու արդյունավետ միջոցներ չունեն: Մասնավորապես, բժշկական գաղտնիքի խախտման համար  պատասխանատվությունն ընկնում է   «բժշկական աջակցություն ցուցաբերող անձի ուսերին», բայց չէ որ այդ անձը կարող է լինել բուժհաստատությունը, բժիշկը, բուժքույրը, սանիտարը կամ մեկ ուրիշը. հիվանդը չի կարող հասկանալ, թե նրանցից ճշգրիտ ով է խախտել իր իրավունքները եւ ում դեմ պետք է բողոքի: 

Ինչպես կարելի է փոփոխել ստեղծված իրավիճակը:

Վիոլետա Զոփունյանի կարծիքով, անհրաժեշտ է սկսել հիվանդանոցներում անձնակազմին կրթելուց. յուրաքանչյուր աշխատակիցը պետք է իմանա ինչպես իր իրավունքները եւ պարտականությունները, այնպես էլ հիվանդների` բժշկական գաղտնիքի պահպանման իրավունքը: Աշխատակիցները պետք է իմանան, թե իրենք ճշգրտորեն ինչպես կարող են եւ պետք է պահպանեն բժշկական գաղտնիքը եւ թե ինչ անելու իրավունք չունեն:  Ցանկալի է նաեւ բժշկական փաստաթղթերի հետ կապված աշխատանքն այնպես կազմակերպել, որ բժշկական գաղտնիք պարունակող նյութերն առավելագույնս գաղտնի լինեն եւ թաքցված լինեն օտար աչքերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել